ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Միջազգային շուկայում այս տարվա ընթացքում տեղի ունեցած ու ընթացող փոփոխություններն արտացոլվել են նաև հայաստանյան սպառողական գների վրա։ Բայց ոչ միանշանակ։
Օրինակ` եթե 1 լիտր «Ավեդով» և «Զոլոտայա սեմեչկա» ձեթի տեսակները այս տարվա հունվարի համեմատ մայիս ամսվա դրությամբ թանկացել են 93 դրամով, ապա 1 կգ շաքարավազի գինն իջել է 2 դրամով։
ՄՊՀ-ն փորձել է պարզել գների փոփոխությունների պատճառները` հատկապես հաշվի առնելով, որ այդ նույն ժամանակահատվածում փոխվել են միջազգային գներն ու փոխադրումների արժեքները, դոլարի փոխարժեքն էլ Հայաստանում կտրուկ անկում է ապրել։
Եվ այսպես, ըստ հանձնաժողովի ներկայացրած վիճակագրության, 2022 թվականի հունվար-մայիսին 1 լիտր ձեթի ներմուծման ինվոյսային արժեքը բարձրացել է 4-6 տոկոսով, դոլարի փոխարժեքը նույն չափով` 4-6 տոկոսով նվազել է, բայց ձեթը Հայաստանում 9 տոկոսով թանկացել է` 1027 դրամից դառնալով 1120 դրամ։
Էլ ավելի հետաքրքրական է շաքարավազի գնագոյացման ուղին։ Հանձնաժողովի հաշվարկով` հունվար-մայիսին 1 կիլոգրամ շաքարավազի ներմուծման ինվոյսային արժեքը նվազել է 18-20 տոկոսով, դոլարի փոխարժեքը` 4-6 տոկոսով, բայց շաքարավազի վաճառքի գինն այս նվազումների ֆոնին իջել է ընդամենը 0.5 տոկոսով կամ 2 դրամով՝ 410 դրամից դառնալով 408 դրամ։