ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսին և նահանգների իշխանություններին կոչ է արել վառելիքի հարկերի վճարման ժամանակավոր մորատորիում սահմանել՝ գների աճի դեմ պայքարելու նպատակով: Այս մասին ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։
«Նա Կոնգրեսին կոչ է անում մինչև սեպտեմբեր ժամանակավորապես չեղյալ հայտարարել վառելիքի դաշնային հարկը՝ առանց ճանապարհային հիմնադրամի միջոցների կրճատման։ Նա նաև նահանգներին կոչ է անում համանման գործողություններ ձեռնարկել, որպեսզի բեռի ուղղակի նվազեցում ապահովվի կա՛մ տեղական վառելիքային հարկերի կրճատման հաշվին, կա՛մ սպառողներին այլ աջակցության միջոցով»,-նշվում է հաղորդագրության մեջ:
Բայդենը կարծում է, որ վառելիքի հարկի վերացումը բնակչության ծախսերի նվազեցման միակ գործիքը չէ, ուստի Կոնգրեսը պետք է ամեն ինչ անի ամերիկացիներին աջակցելու համար:
Ներկայում վառելիքի դաշնային հարկի չափը կազմում է մեկ գալոնի (3,785 լիտր) դիմաց 18 ցենտ բենզինի համար և 24 ցենտ՝ դիզելային վառելիքի համար:
Ավելի վաղ ԱՄՆ-ում բենզինի գները հասել էին հերթական ռեկորդին՝ պատմության մեջ առաջին անգամ գերազանցելով վառելիքի մեկ գալոնի դիմաց 5 դոլարը: