Ամերիկացիներն ուկրաինացի ոստիկաններին հրազենով կապահովեն

Ուկրաինայի ոստիկան. Արխիվային լուսանկար
Փաստաթղթում նշված է, որ ապառազինությունների մատակարարումը պետք է բարձրացնի ուկրաինական ուժայինների աշխատակիցների՝ երկրում «իրավունքի գերակայությունն ապահովելու» կարողությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. ԱՄՆ-ն մտադիր է ուկրաինացի ոստիկաններին և սահմանապահներին բարձր ճշգրտության հրազենով, ինչպես նաև ռազմամթերքով ապահովել: RT-ի հաղորդմամբ՝ տեղեկությունը նշված է ԱՄՆ Պետդեպարտամենտի տենդերային փաստաթղթերում։

«Ուկրաինայում անվտանգության և կայունության ապահովման անհետաձգելի անհրաժեշտության հետ կապված ԱՄՆ-ն Ուկրաինայի ազգային ոստիկանությանը և Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությանը տրամադրում է մասնագիտացված բարձր ճշգրտության հրազեն, դրանց անհրաժեշտ պարագաներ, ինչպես նաև զինամթերք», - պարզաբանել են Պետդեպարտամենտում:

Նախատեսվում է փոխանցել 30 հրացան, նշանոցներ, փամփուշտներ և այլ բաղադրիչներ։
Սպառազինությունների մատակարարումը պետք է բարձրացնի ուկրաինական ուժայինների աշխատակիցների՝ երկրում «իրավունքի գերակայությունն ապահովելու» կարողությունը։
Ենթադրվում է, որ զենքը կփոխանցի Goldbelt Security ընկերությունը, իսկ գնման արժեքը 695 հազար դոլար է գնահատվում։
Ավելի վաղ Վաշինգտոնը հայտարարել էր Կիևին 1 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթ տրամադրելու մասին։ Դրանում ընդգրկվելու են հրետանային զենքերը, առափնյա պահպանության համակարգերը, ինչպես նաև հրթիռային համալիրներ ու հրետանու համար զինամթերք:
Ռուսական իշխանությունը բազմիցս նշել է, որ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի մյուս երկրների կողմից զենքի մատակարարումներն Ուկրաինա ձգձգում են հակամարտությունը և խորացնում խնդիրները։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 119-րդ օրը։