ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) գրեթե 10 տոննա դեղորայք է ուղարկել Աֆղանստանի՝ ավերիչ երկրաշարժից տուժած շրջաններ, հայտնել է այդ երկրում կազմակերպության ներկայացուցչությունը:
Ավելի վաղ ԱՀԿ-ում հավաստիացրել էին, որ կազմակերպությունը կշարունակի օգնություն ցուցաբերել ամբողջ երկրի կարիքավորներին:
«9,8 տոննայից և 95 խորանարդ մետր դեղորայքով բեռն Աֆղանստանի երկրաշարժից տուժած շրջաններ հասնելու ճանապարհին է։ Այն ներառում է անհետաձգելի բժշկական օգնություն ցուցաբերելու համար նախատեսված 30 հավաքածու, 50 վիրաբուժական հավաքածու և այլ դեղամիջոցներ՝ հիվանդանոցներում վիրավորներին օգնություն ցուցաբերելու համար»,- հայտնել Է ԱՀԿ-ի ներկայացուցչությունը Twitter-ում:
Կազմակերպությունը նաև նշում է, որ աշխատակիցները տեղական բուժաշխատողներին օգնում են բժշկական օգնություն ցուցաբերելու հարցում:
ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS) ավելի վաղ հայտնել էր Աֆղանստանում 6,1 մագնիտուդով երկրաշարժի մասին: Հաղորդվում էր ուժեղ ավերածությունների մասին Պակիստանի հետ սահմանակից Պակտիկա և Հոստ նահանգներում։ Պակտիկա նահանգի մշակույթի և տեղեկատվության վարչության ղեկավար Ամին Հուզայֆան ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ զոհերի թիվը գերազանցել է 1000-ը, ավելի քան մեկուկես հազար մարդ վիրավորվել է: Աֆղանստանում իշխող «Թալիբան» շարժման առաջնորդ Հայբաթուլլա Ախունդզադան միջազգային հանրությանը և մարդասիրական կազմակերպություններին կոչ է արել օգնություն ցուցաբերել երկրաշարժից տուժած Աֆղանստանին։