Եկեք անկեղծ լինենք։ Այնքան էլ անհիմն չեն պնդումներն այն մասին, թե երկու տարի առաջ ստույգ չգիտեինք, որ Ադրբեջանը կսկսի հարձակումը հենց սեպտեմբերի 27-ին։ Ճիշտ այնպես, ինչպես Խորհրդային Միության ղեկավարությունը հավաստի տվյալներ չուներ, որ հիտլերյան զորքը կներխուժի 1941 թվականի հենց հունիսի 22-ին։ Այնինչ, այդ կարևորագույն տեղեկություններն իմանալը՝ կոնկրետ ե՞րբ և ի՞նչ ուղղությամբ է սկսվելու լայնածավալ հարձակումը, կարող են վճռորոշ դեր խաղալ։
Ահա թե ինչ են փաստում ռուսաստանյան աղբյուրները. «Այն մասին, որ պատերազմը հաստատ սկսվելու է հունիսի 22-ին, մարշալ Ժուկովը Ստալինին զեկուցեց հենց այդ օրվա գիշերը, բայց արդեն ուշ էր։ Խորհրդային ինքնաթիռները չհասցրին օդ բարձրանալ և երկրի արևմուտքում տեղակայված ավիացիայի մեծ մասը ոչնչացվեց գետնի վրա։ Դրանով են մեծապես պայմանավորված պատերազմի առաջին ամիսների պարտությունները»։
Իսկ Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, ռազմաօդային ուժերի հրամանատար Ռամիզ Թահիրովն անցած տարի ասել է. «Օգտագործելով զինանոցում առկա օդային միջոցները՝ ինքնաթիռները, ուղղաթիռները, ինչպես նաև հարվածային անօդաչու սարքերը՝ մենք ջախջախիչ հարվածներ ենք հասցրել հայկական դիրքերին, ինչի արդյունքում նրանց մարտական հնարավորությունները և դիմադրությունը թուլացել են: Պատերազմի առաջին օրը ոչնչացվել է հայկական հակաօդային պաշտպանության համակարգերի 60 տոկոսը»։ Իհարկե, ադրբեջանցի բարձրաստիճան զինվորականի պնդումները կարելի է չափազանցված համարել, բայց դժվար թե որևէ մեկը հերքի՝ մենք մեծ կորուստներ ունեցանք պատերազմի հենց առաջին օրերին։
Թող խորհրդարանական հանձնաժողովը պարզի՝ արդյոք որոշ մարդիկ ստույգ տեղեկություններ ունեի՞ն, որ պատերազմը սեպտեմբերի 27-ին է սկսվելու, բայց հանցավոր անգործություն են ցուցաբերել։ Գաղտնիք չէ, որ նման վարկածներ էին տարածվում նաև խորհրդային բարձրագույն ղեկավարների մասին՝ Ստալինը գիտեր, բայց ոչինչ չէր ձեռնարկում, հայտնի հետախույզ Ռիխարդ Զորգեն ստույգ ամսաթիվը հաղորդել էր և այլն։ Հիմա արդեն կարելի է հաստատ ասել՝ բացարձակ ոչ մի պատմական ապացույց չկա, որ Ռիխարդ Զորգեն հենց հունիսի 22-ն է նշել։ Ինչ վերաբերում է Ստալինին, ապա նա իրոք հետախուզական տվյալների մեծ մասը համարում էր գերմանական ապատեղեկատվություն։ Բայց ախր փաստ է, որ գերմանացիներն իրոք այդ օրերին միտումնավոր ապատեղեկատվություն էին տարածում բոլոր հնարավոր միջոցներով։
Ու խոսքը ոչ միայն ամսաթվի, այլև հարձակման հիմնական ուղղության մասին է։ Համաձայնե՛ք, որ դա էլ է չափազանց կարևոր՝ որ կողմից ես սպասում հակառակորդին։ Կանխատեսո՞ւմ էինք արդյոք, որ ադրբեջանցիները բոլորովին էլ Լաչինով չեն փորձելու հասնել Շուշի, այլ զինտեխնիկան թողած՝ սողոսկելու են անտառներով։ 1941 թվականին էլ գերմանացիներն իրենց ապատեղեկատվությամբ անընդհատ խորացնում էին այն համոզմունքը, որ ամենակարճ ճանապարհը դեպի Մոսկվա անցնում է Ուկրաինայով, այնինչ, իրականում գլխավոր հարվածը Բելառուսի տարածքով հասցվեց։
Ու մի չափազանց կարևոր հանգամանք էլ կա։ Արդյոք պատերազմի հենց նախօրեին դու հստակ պատկերացում ունե՞ս, թե ինչով է քեզ վրա հարձակվելու հակառակորդը։ Գիտեի՞նք արդյոք, որ Թուրքիան արդեն զգալի թվով «Բայրաքթարներ» է փոխանցել Ադրբեջանին, ստույգ տեղեկություններ ունեի՞նք Ադրբեջանի զինված ուժերի ընդհանուր վիճակի մասին։ Չգիտեմ, թող դա էլ պարզի խորհրդարանական հանձնաժողովը։ Կարելի է միայն ասել, որ Խորհրդային Միության ղեկավարությունը, բնականաբար, հսկայական ծավալի թվեր ու փաստեր ուներ համեմատելու համար, բայց հենց այն ժամանակ էլ լավագույնս ապացուցվեց հայտնի ասացվածքի ճշմարտացիությունը՝ համեմատությունը միշտ կաղում է։
Տեսե՛ք։ Կարծես թե պատերազմի սկզբում Սովետի գերազանցությունն ակնհայտ էր՝ խորհրդային բանակն ուներ ավելի քան 25 հազար տանկ, գերմանացիները՝ 15 հազար։ Ստալինն ուներ 25 հազար ինքնաթիռ, Հիտլերը՝ հինգ անգամ քիչ։ Բայց ախր այսօր շարքային զինվորն էլ շատ լավ գիտի՝ քանակը, իհարկե, կարևոր է, բայց շատ ավելի կարևոր է զենքի ու տեխնիկայի որակը։ Իսկ գերմանական տեխնիկան ոչ միայն ավելի ժամանակակից էր, այլև փորձարկվել էր ողջ Եվրոպայի ռազմադաշտերում։ Ինչպես չհիշես մեր նախկին նախագահի խոստովանությունը, որ դեռ 2016 թվականի քառօրյա պատերազմի ժամանակ կռվում էինք «80-ականների զենքերով»։
Եվ վերջինը։ Մանավանդ պատերազմի ժամանակ ամենավնասակար բանն այն է, երբ երկրի ղեկավարությունից և հանրությունից ինչ-ինչ նկատառումներով թաքցվում է իրական վիճակը։ Գերմանացիներն այն ժամանակ ունեին մոտ 200 դիվիզիա, բայց զինվորականները Ստալինին զեկուցում էին՝ Հիտլերն ընդամենը 120 դիվիզիա ունի։ Հաստատ հիշեցիք մեր հանրահայտ կարգախոսը՝ «Հաղթելու ենք», որի պատճառով պարտությունը շատերիս համար պարզապես անակնկալ էր։ Այնինչ, դեռ տարիներ առաջ ամերիկացի փիլիսոփա Էրիկ Հոֆերը զգուշացրել է. «Սուտն ամենից ծանր հետևանքներն ունենում է այն ժամանակ, երբ մենք փորձում ենք խաբել ինքներս մեզ»։