ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ «Դիմադրություն» շարժման հետ իրենց նպատակները համընկնում են, սակայն այս փուլում այդ նպատակին հասնելու ուղիների հարցում որոշակի տարբերություններ կան։
Նա փակագծեր չի բացել, թե կոնկրետ ինչ նկատի ունի տարբերություն ասելով, միայն նշել է, որ ժամանակը ցույց կտա։
Վանեցյանը վստահեցրել է` իրենց հիմնական նպատակը չի փոխվել՝ ունենալ անվտանգ Հայաստան, անվտանգ Արցախ, և այդ նպատակին հասնելու համար նախ պետք է հասնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, հետո նոր կառուցել անվտանգ երկիր։
«Այս փուլում պատգամավորական մանդատը ինձ համար այլևս այն արդյունավետ գործիքը չէ, որը կարող եմ օգտագործել մեր հիմնական նպատակին հասնելու համար»,– ասել է նա։
Հարցին, թե արդյոք սա նշանակում է, որ դուրս են գալիս «Դիմադրություն» շարժումից, Արթուր Վանեցյանն ասել է, որ իրենք անցել են ճանապարհ, և ինքը շատ բարձր է գնահատում այդ անցած ճանապարհը։
«Ես առհասարակ բարձր եմ գնահատում մարդկային հարաբերությունները, «Դիմադրություն» շարժման մեջ ընդգրկված մարդիկ իմ գործընկերներն են, իմ ընկերներն են և պայքարում են նույն նպատակի համար։ Այս փուլում ես կարծում եմ, որ ավելի արդյունավետ կլինի շարունակել մեր պայքարը նույն նպատակի համար տարբեր ուղղություններով։ «Դիմադրություն» շարժումը հայտարարել է երկրորդ փուլի մասին, ես ասում եմ` այո՛, նույն նպատակին հասնելու համար գնալու եմ այլ ճանապարհով։ Ես չեմ կարող չլինել մի տեղ, որտեղ պայքարում են նպատակի համար, որի համար ես եմ պայքարում»,– ասել է նա։
Հիշեցնենք` Արթուր Վանեցյանն այսօր հայտարարել է, որ վայր է դնում պատգամավորական մանդատը։