ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Ուկրաինայում բարձր ճշգրտության զենքով խոցվել են զինամթերքի պահեստներ, «Ուրագան» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ և «Բուկ» զենիթահրթիռային համալիր։ Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ։
Բացի այդ, հարված է հասցվել ուկրաինական զորքերի կենդանի ուժին և զինտեխնիկային, ինչպես նաև ազգայնականների զորամիավորումներին, այդ թվում «Աջ սեկտորին» (ՌԴ–ում արգելված ուկրաինական ծայրահեղական կազմակերպություն)` Բելայա Գորա, Նովոդրուժեսկ, Միրնայա դոլինա, Պոդլեսնոյե և Վոլչեյարովկա բնակավայրերի շրջանում։
«Դոնեցկի ուղղությամբ հակամարտկոցային պայքարի ընթացքում խոցվել է «Ուրագան» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի երկու դասակ Զարյանոյե, Դիմիտրով շրջաններում և «Գիացինտ-Բ» 152–մմ հաուբիցների երկու դասակ` Սպարտակ և Պոդգորնոյե բնակավայրերի շրջանում գտնվող կրակակետերում», – հայտնում է ՊՆ–ն։
Բացի այդ, օպերատիվ–մարտավարական և բանակային ավիացիան մեկ օրվա ընթացքում խոցել է ՈւԶՈւ կենդանի ուժի և զինտեխնիկայի կենտրոնացման 57 շրջան, կառավարման կետ, ինչպես նաև Ս-300 ԶՀՀ–ի նշանառման բազմաֆունկցիոնալ ռադիոլոկացիոն կայան ԴԺՀ–ի Սևերսկի շրջանում։
«ԱՄՆ–ից և եվրոպական երկրներից ստացված 155-մմ Մ-777 հաուբիցները կրակային խոցման ռուսական միջոցների համար լավ թիրախ են դարձել։ Միայն նախորդ մեկ օրվա ընթացքում ոչնչացվել է 15 միավոր, որի մեծ մասը` Դրուժկովկա երկաթուղային կայարանի շրջանում` դեռ չհասցրած որևէ կրակոց արձակել», – ասվում է հաղորդագրության մեջ։
Ամփոփագրից պարզ է դառնում, որ Ուկրաինայում հատուկ գործողությունների ընթացքում ՌԴ հրթիռային զորքերն ու հրետանին ավիացիայի հետ մեկտեղ ևս 570 ազգայնական են խոցել։ Նշվում է, որ ոչնչացվել է կենդանի ուժի և զինտեխնիկայի կենտրոնացման 216 վայր, 28 կառավարման կետ, հրետանային 64 ստորաբաժանում կրակակետերում, ինչպես նաև զինամթերքի երկու պահեստ։
«Ռազմական հատուկ գործողությունների մեկնարկից ի վեր ընդհանուր առմամբ խոցվել է 209 ինքնաթիռ, 132 ուղղաթիռ, 1 292 անօդաչու, 348 ԶՀՀ, 3 709 տանկ և այլ մարտական զրահամեքենա, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 580 մարտական մեքենա, դաշտային հրետանու 2 065 սարք և ականանետ, ինչպես նաև 3 760 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա», – նշում է ՌԴ ռազմական գերատեսչությունը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 118-րդ օրը։