Ուկրաինային ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ տրամադրելու շուրջ կոնսենսուս կա. Ֆրանսիայի ԱԳՆ

ԵՄ դրոշներ
Հարցը կորոշվի ԵՄ գագաթնաժողովում, որը կանցկացվի հունիսի 23-24-ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. ԵՄ երկրները լիակատար կոնսենսուսի են հասել Ուկրաինային Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ տալու հարցում։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` այս մասին ասուլիսի ընթացքում հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ-ի եվրոպական հարցերով նախարար-պատվիրակ Կլեման Բոնը։

«Մենք քննարկել ենք հունիսի 23-24-ին կայանալիք ԵՄ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները, որը նվիրված է լինելու Ուկրաինային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալուն: Մենք այսօր քննարկել ենք այդ հարցը, և այս քննարկումները ցույց են տվել, որ կա մեծ կոնսենսուս. նույնիսկ կասեի՝ լիակատար կոնսենսուս, այս հարցում առաջ շարժվելու համար»,- ասել է Բոնը։

Ավելի վաղ Եվրահանձնաժողովը առաջարկել է Ուկրաինային և Մոլդովային տրամադրել Եվրամիության թեկնածուների կարգավիճակ։ Միաժամանակ ԵՀ-ն կոչ է արել ճանաչել Վրաստանի եվրոպական ձգտումները, սակայն թեկնածուի կարգավիճակ դեռ չտրամադրել։ Որոշումը ԵՄ առաջնորդները կընդունեն հունիսի 23-24-ին։