Սիրիայում հայ սակրավորներներն արդեն 382 000 քմ գյուղատնտեսական տարածք են ականազերծել

Ծրագրի վերջնական նպատակն է մաքրել ընդհանուր 1 մլն քմ գյուղատնտեսական հողատարածք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Սիրիայում Ռուսաստանի դեսպանության խորհրդական Պավել Ռասսադինն այցելել է ՍԱՀ Դամասկոս նահանգի Դարայա շրջան, որտեղ Հայաստանի «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» անձնակազմն իրականացնում է պայթուցիկ զինամթերքի մաքրման ծրագիր։ Տեղեկությունը հայտնում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը», որը հրապարակմանը կից նաև լուսանկարներ է ներկայացրել։
Սիրիայում Ռուսաստանի դեսպանության խորհրդական Պավել Ռասսադինը ՍԱՀ Դամասկոս նահանգի Դարայա շրջանում, որտեղ Հայաստանի «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» անձնակազմն իրականացնում է պայթուցիկ զինամթերքի մաքրման ծրագիր
Ռասսադինն այցելել է Դարայա շրջան՝ ուսումնասիրելու ՄԱԿ-ի ականազերծման ծառայության պայթուցիկ զինամթերքի մաքրման ծրագիրը, որն իրականացվում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» կողմից։ Ռուսաստանն ականազերծման փորձնական ծրագրի մեկնարկին աջակցող դոնորների թվում է:
«Այցի ընթացքում ՀԱՓԿ ծրագրի ղեկավար Արկադի Տոնոյանը խորհրդականին ներկայացրել է նախատեսված աշխատանքների ծավալը։ 2021-ի դեկտեմբերից մեկնարկած պայթուցիկ զինամթերքի մաքրման ծրագրի ընթացքում թիմերը մինչև այսօր մաքրել են մոտ 382 000 քմ հիմնականում գյուղատնտեսական տարածք և հայտնաբերել 265 միավոր պայթուցիկ զինամթերք»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ ծրագրի վերջնական նպատակն է մաքրել 1 մլն քմ գյուղատնտեսական հողատարածք։
Սիրիայում Ռուսաստանի դեսպանության խորհրդական Պավել Ռասսադինը ՍԱՀ Դամասկոս նահանգի Դարայա շրջանում, որտեղ Հայաստանի «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» անձնակազմն իրականացնում է պայթուցիկ զինամթերքի մաքրման ծրագիր
Հյուրերն այցելել են աշխատանքային տեղամաս, տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքներին, մեթոդներին։ Խորհրդականը բարձր է գնահատել ականազերման կենտրոնի մասնագետների կատարած աշխատանքները։
Ռուսաստանի և Հայաստանի սակրավորները ականազերծված գյուղերը հանձնել են Սիրիայի իշխանությանը
Հիշեցնենք, որ հայկական մարդասիրական առաքելությունը Սիրիայում է 2019թ. փետրվարից։ Այդ ժամանակից ի վեր ականներից մաքրվել է շուրջ 950 հազար քառակուսի մետր տարածք, իսկ բժիշկներն օգնություն են ցուցաբերել ավելի քան 42 հազար տեղացի բնակիչների: