ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի հարակից տարածքում կտեղադրվի հայ անվանի դիրիժոր Օհան Դուրյանի կիսանդրին, նման որոշում կայացվեց Երևանի ավագանու այսօրվա նիստում։
Նախագծին կողմ է քվեարկել ավագանու 45, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 5 անդամ:
Որոշման համար հիմք է հանդիսացել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դիմումը։ Այնտեղ նշվում է, որ վարչապետի որոշմամբ ձևավորվել է դիրիժորի 100-ամյակին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողով։ Միջոցառումների ծրագրում ներառված է նաև կիսանդրու տեղադրումը։
Օհան Դուրյանի այրու գրավոր խնդրանքով կիսանդրու պատրաստումը վստահված է քանդակագործ Գետիկ Բաղդասարյանին:
Հավելենք, որ Դուրյանի քանդակը բավական քննարկվել և քննադատության է արժանացել սոցցանցերում։
Նշենք, որ Օհան Դուրյանը ծնվել է 1922 թվականի սեպտեմբերի 8-ին Երուսաղեմում։ Նա խմբավարություն է ուսանել և ունեցել է ֆենոմենալ հիշողություն, խորը ու զգայուն երաժշտականություն, ինչը համերգների ժամանակ շատերին է զարմացրել։ Մինչև 1950-ականները ղեկավարել է Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Հետագայում մեկնել է Եվրոպա։ Աշխատել է աշխարհի 110 նվագախմբերի հետ։