ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Ապարանի ոստիկանապետի պաշտոնից այսօր ազատված Աշոտ Հայրապետյանը Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրել է, որ չի ազատվել աշխատանքից, անցել է կադրերի ռեզերվ:
Հայտնել էինք, որ ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամանով այսօր աշխատանքից ազատվել է Ապարանի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Հայրապետյանը։ Ոստիկանության մայոր Ռաֆայել Պողոսյանը նշանակվել է այդ պաշտոնին։
«Նիգավանում տեղի ունեցած միջադեպը ընդհանրապես կապ չունի իմ՝ աշխատանքից ազատվելու հետ: Ես եմ ցանկացել անցնել կադրերի ռեզերվ, որովհետեւ առողջական խնդիր ունեմ: Կբուժվեմ, նորից կվերադառնամ»,- ասել է նախկին ոստիկանապետը:
Նա հավելել է, թե որ Նիգավանում տեղի ունեցած զինված միջադեպն ամբողջությամբ բացահայտված է. «Տեղի ունեցածը քաղաքականության հետ ընդհանրապես կապ չունի, ինչ խոսում էին՝ իրականությանը չի համապատասխանում: Ոչ մի բան չի եղել մեջները, ընդամենը խոսակցության մեջ, մեքենայից սիգնալ են տվել, իրար չեն հասկացել, նման բան է եղել»:
Հայրապետյանը հերքել է, որ վարչապետի հասցեին դեպքի մասնակիցների կողմից հայհոյանք է եղել։ Նա հավելել է նաև, որ Տիգրան Հարությունյանից բացի, վեճի մասնակիցների մեջ պաշտոնատար անձի հարազատ չի եղել:
Կրակոցների արդյունքում մահացած 28-ամյա Տիգրան Հարությունյանն Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանի ազգականներից է։
Հիշեցնենք, որ հունիսի 19-ին Նիգավանի մոտ տեղի ունեցած վիճաբանությունից հետո հրազենային վնասվածքներով Ապարանի բժշկական կենտրոն տեղափոխված երկու անձ՝ Ապարան քաղաքի 27-ամյա բնակիչներ, հիվանդանոցում մահացել են, իսկ 5 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոններ. նրանից մեկի վիճակը ևս ծանր է: Սպանության մեջ կասկածվող 32-ամյա տղամարդը ձերբակալվել է։
Հավելենք, որ դեպքի մասին Sputnik Արմենիային որոշակի մանրամասներ են հայտնի դարձել։ Վիրավորում ստացած և «Աստղիկ» ԲԿ-ում մահացած Տիգրան Հարությունյանն Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանի հարազատներից է։ 28-ամյա Տիգրանը «Գնթունիք» սուպերմարկետում էր աշխատում։