Կորոնավիրուս, պատերազմ, ապագայի անորոշություն, գնաճ ու կենցաղային խնդիրներ։ Սրանք Հայաստանում ինքնասպանությունների մեծ մասի հիմքն են։ Հոգեբան Ժենյա Վարդանյանը Sputnik Արմենիայի եթերում առանձնացրել է Հայաստանում ինքնասպանությունների քանակի ավելացման հիմնական պատճառները։
Նշենք, որ հունիսի 20 օրվա ընթացքում առնվազն 7 ինքնասպանության դեպքի մասին է հայտնի դարձել։
«Վիճակագրության բացասական փոփոխությունը պայմանավորված է և՛ ներքին, և՛ արտաքին քաղաքական լարվածություններով, դրա վրա միանշանակ ազդել են կորոնավիրուսն ու պատերազմը։ Պատճառ են նաև ներընտանեկան, միջանձնային կամ ներանձնային կոնֆլիկտները, սոցիալական անհավասարությունն ու ֆինանսական խնդիրները»,- նշել է հոգեբանը։
Ըստ վիճակագրության՝ տղամարդիկ ավելի շատ են ինքնասպանության դիմում, քան կանայք, իսկ տարիքային տեսանկյունից՝ սկսած 15 տարեկանից արձանագրվում են ինքնասպանության դեպքեր։ Հոգեբանի բացատրությամբ՝ պատճառներից մեկը, որ տղամարդիկ մեծամասնություն են կազմում, այն է, որ նրանք ավելի քիչ են խոսում եղած խնդիրների մասին, նախընտրում են պարփակվել իրենց մեջ, իսկ կանայք ավելի են հակված արտահայտվելու և կիսվելու։ Մեկ այլ պատճառ է այն, որ Հայաստանում տղամարդկանց նկատմամբ սոցիալական պատասխանատու դեր է դրված, ու ֆինանսական կամ այլ խնդիրները լուծել չկարողանալու պատճառով նրանք ինքնասպանության են դիմում։
Վարդանյանն ընդգծեց, որ վերջին շրջանում հոգեբանի այցելուների մոտ Հայաստանում ապրելու ապագայի անորոշության խնդիրը հաճախ է հանդիպում, իսկ լուծումը նրանք արտագաղթելու մեջ են տեսնում։
«Վերջին շրջանում երկրի սոցիալական իրավիճակը, գնաճն ու տնտեսական խնդիրները ապագայի նկատմամբ անորոշություն են առաջացնում հասարակության շրջանում, և շատերը երկրում ապրելու ելքը չեն տեսնում, տեսնում են երկրից հեռանալու մեջ։ Այս պարագայում մասնագետների խնդիրն է անձին ապագայի նկատմամբ լավատեսորեն տրամադրելը, իրավիճակից ելք գտնելու լուծման ուղիներ առաջարկելը»,- բացատրել է Վարդանյանը։
Հոգեբանն առանձնացրել է երկու դեպք. եթե ինչ–որ մեկն անընդհատ ասում է, որ ուզում է ինքնասպան լինել, երանի մեռած լիներ ու նմանատիպ այլ արտահայտություններ, նա միանգամից պետք է մասնագետների ուշադրության տակ առնվի։ Կան նաև դեպքեր, երբ անձը ուղղակիորեն չի ասում ինքնասպանություն գործելու ցանկության մասին, սակայն անընդհատ խոսում է ապագայի անորոշության, կյանքի անիմաստության մասին։ Սրանց ևս, Վարդանյանի խոսքով, մատների արանքով չպետք է նայել։
«Պետք է հասարակության գիտակցությունը հասցնել նրան, որ տնտեսական, սոցիալական ու հետպատերազմյան խնդիրները լուծելու համար որոշ ժամանակ է անհրաժեշտ։ Հասարակության շրջանում տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու նպատակով շատ կարևոր է հոգեբանների կողմից ինֆորմացիա փոխանցելը, նպաստելը, որ մարդիկ տեղեկացված լինեն»,- շեշտեց Վարդանյանը։
Թեպետ այսօր շատերն ունեն հոգեբանի կարիք, սակայն Վարդանյանն անհրաժեշտ է համարում առաջին հերթին աշխատանքը պատերազմի հետևանքները վերացնելու, պատերազմից տուժածներին ու զոհվածների ընտանքներին օգնելու ուղղությամբ, որովհետև մարդիկ ավելի շատ սթրեսային վիճակում են դրա պատճառով։