Ջհանգիրյանի ձայնագրության հարցով կլինի նաև քաղաքական գնահատական. ՔՊ քարտուղար

Արթուր Հովհաննիսյան
Արթուր Հովհաննիսյանն անդրադարձել է Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ ձայնագրությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանի և այդ կառույցի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ ձայնագրության առնչությամբ կլինի նաև քաղաքական գնահատական։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Վարդազարյանը հունիսի 20-ին ասուլիսում հայտարարել էր, թե ապացույց ունի, որ իր դեմ կատարվող բոլոր գործողությունները քաղաքական որոշման արդյունք են։ Որպես ապացույց նա հրապարակել էր իր, Ջհանգիրյանի ու ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի մասնակցությամբ զրույցի ձայնագրությունը։

«Կան մտահոգություններ։ Դատախազությունն ուսումնասիրում է այդ ձայնագրությունը, ես պետք է խնդրեմ, որ սպասենք դրա ավարտին: Քաղաքական գնահատական ևս կհնչի, երբ տեղեկանանք դատախազության ընդունած վարույթի արդյունքներին»,- ասաց Հովհաննիսյանը։

Լրագրողները հարցրին, թե լուրեր են շրջանառվում, որ դատախազ Արթուր Դավթյանն իր պաշտոնավարման ավարտից հետո (սեպտեմբերին) նշանակվելու է ԲԴԽ նախագահ, որքանո՞վ կապ կարող են ունենալ ձայնագրությունն ու այդ լուրերը։ Ի պատասխան Հովհաննիսյանը նշեց, որ նախ չկա տեղեկություն, որ Դավթյանը պետք է ԲԴԽ նախագահ նշանակվի, ուստի այդ լուրերն իրար կապելն այնքան էլ ճիշտ չի լինի։
Նախարարությունն իրավասու չէ Ջհանգիրյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցել. փոխնախարար
Հիշեցնենք` ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել ԲԴԽ երեք անդամների նախաձեռնությամբ։ Վարույթ հարուցելու համար դիմել են Գրիգոր Բեքմեզյանը, Լիպարիտ Մելիքջանյանը, Դավիթ Խաչատուրյանը։ Որպես հիմք օգտագործվել է լրատվականներից մեկում հրապարակված հարցազրույցը, որում Վարդազարյանն անդրադարձել է ՍԴ որոշմանը՝ կապված Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամ ընտրվելու դիմումի հետ։
Միջնորդության հեղինակները կարծում են, թե Վարդազարյանը գնահատական է տվել ՍԴ որոշմանը՝ առանց ծանոթանալու ամբողջական որոշմանը, թույլ է տվել հեգնական արտահայտություններ, որով քննադատվում է ՍԴ որոշումը, կասկածի տակ է դնում հիմնավորվածությունը, օբյեկտիվությունը և անաչառությունը, ինչպես նաև ԲԴԽ-ի վերջին 1,5 տարվա գործունեությունը, որոշումները։
ԲԴԽ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։ ԲԴԽ-ն որոշումը կհրապարակի հունիսի 23-ին, ժամը 13.55-ին։
Ընդդիմությունը պահանջում է Գագիկ Ջհանգիրյանի հրաժարականը