ՀՀ ոստիկանության զորքերը միշտ եղել են զինված ուժերի կողքին. Փաշինյանի ուղերձը

Այսօր ոստիկանության զորքերի կազմավորման 30-ամյակն է լրանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. ՀՀ ոստիկանության զորքերը միշտ եղել են զինված ուժերի կողքին՝ զինծառայողների հետ հայրենական սահմանները պաշտպանելով ցանկացած ոտնձգությունից: Ոստիկանության զորքերի կազմավորման 30-ամյակի առթիվ իր ուղերձում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ոստիկանության զորքերը մեր հանրապետության հասակակիցն են: Կազմավորվելով դժվարին 90-ականներին՝ ոստիկանության զորքերը մարտական մկրտություն ստացան հենց ռազմի դաշտում։ Դրա ևս մեկ վկայությունն էր 2020 թվականի 44-օրյա պատերազմը, երբ բանակային ու ոստիկանական ստորաբաժանումների հետ զորքերի զինծառայողները փառքով պսակեցին իրենց անունը»,–ասված է ուղերձում։
Նշվում է նաև, որ այդ ճանապարհին, ցավոք, ոստիկանությոան զորքերը տվել են նաև թանկ ու անդառնալի կորուստներ, նվիրյալների, որոնք առանց երկմտելու իրենց կյանքն են դրել հանուն հայրենիքի:
Հավելենք, որ ոստիկանության զորքերը կազմավորվել են 1992 թվականի հունիսի 21-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով։ Ի սկզբանե կոչվել է ՀՀ ՆԳՆ ներքին զորքեր։