Հավաքի մասնակիցների նկատմամբ բռնության վերաբերյալ հաղորդման հիման վրա քրգործ է հարուցվել

ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ցույցը հսկող ոստիկաններ. Արխիվային լուսանկար
Նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ՀՀ ոստիկանությունում պետական ծառայություն իրականացնող առանձին պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները բռնությամբ զուգորդված անցնելու հիմքեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. ԱԺ մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է, որ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված իր հաղորդման մեջ ներկայացրած նյութերով քրեական գործ է հարուցվել։
«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից ստացել եմ պատասխան, համաձայն որի, իմ հաղորդման առթիվ նախապատրաստվող նյութերին են կցվել նաև այլ հաղորդումներ»,- հայտնում է պատգամավորը։
Նա նաև հայտնում է, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ, բռնության, զենքի կամ հատուկ միջոցների գործադրմամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին)։
Պատգամավորը տեղեկացնում է, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ՀՀ ոստիկանությունում պետական ծառայություն իրականացնող առանձին պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները բռնությամբ զուգորդված անցնելու, այսինքն` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական գործ հարուցելու օրինական հիմքեր։
Թովմասյանը հիշեցնում է, որ իր ներկայացրած հաղորդումը վերաբերում էր մայիսի 30-ին ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքի մուտքի մոտ բողոքի ակցիային մասնակցող քաղաքացիների, պատգամավորների և անչափահասների նկատմամբ ֆիզիկական ուժի գործադրման, ԱԺ պատգամավորներ Իշխան Սաղաթելյանին, Գեղամ Մանուկյանին, Արամ Վարդևանյանին, Աղվան Վարդանյանին, Տիգրան Աբրահամյանին, Աշոտ Սիմոնյանին հարվածելու, քաղաքացիներին բերման ենթարկելիս անհամաչափ ուժի կիրառման ենթադրյալ դեպքերին։
Բողոքի 45 օրը. իշխանավորները ոչ միայն չհեռացան, այլև սպառնում են հեռացնել ընդդիմադիրներին