ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի հրամանով 2022 թվականի հուլիսի 1-ից սահմանվում է միասնական միջանցիկ դրույքաչափ` Փոթի, Բաթումի, Սամտրեդիա կայարաններից դեպի Հայաստան խոշոր կոնտեյներային գնացքներով մեծ տարողունակությամբ բեռնարկղերի փոխադրման համար:
ՀԿԵ-ի պատվիրակությունը գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի գլխավորությամբ հանդիպել է «Վրացական երկաթուղու» ներկայացուցիչների հետ՝ ընկերության տնօրեն Դավիթ Պերաձեի գլխավորությամբ
© Photo : official site of SCR
Այս մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել հունիսին Թբիլիսիում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի և «Վրացական երկաթուղի» ընկերության տնօրեն Դավիթ Փերաձեի հանդիպմանը։
Ինչպես հայտնում են ՀԿԵ-ից, հանդիպմանը քննարկվել են նաև 2022 թվականի 5 ամսվա փոխգործակցության արդյունքները, միջազգային հաղորդակցության սակագնային քաղաքականության կատարելագործումը, ուղևորափոխադրումների կազմակերպումն ու տոմսերի վաճառքի համակարգի զարգացումը։
Նշենք, որ հունիսի 20-ին հայտնի դարձավ, որ Վրաստանը բարձրացրել է իր տարածքով տարանցման վճարը։ Բեռնատարների վարորդները 200 լարիի փոխարեն (մոտ 70 ԱՄՆ դոլար) կվճարեն 350 լարի (մոտ 120 դոլար)։ Համապատասխան որոշումը կայացրել է երկրի ֆինանսների նախարարությունը։
Հիշեցնենք, որ հունիսի 14-ից ՀԿԵ-ն սկսել է ամառային սեզոնային փոխադրումները Վրաստանի սևծովյան հանգստավայրերի ուղղությամբ` Երևան-Բաթումի-Երևան երթուղով:
Այս տարի Բաթումիի գնացքը շաբաթական 2 ուղերթ կիրականացնի՝ երեքշաբթի և ուրբաթ օրերին Երևանից, իսկ չորեքշաբթի և շաբաթ օրերին՝ Բաթումիից։ Շաբաթվա մյուս հինգ օրերին գնացքներն ուղևորվելու են Թբիլիսի և հակառակ ուղղությամբ։ Ուղևորությունների արժեքը՝ սկսած 13 000 դրամից մեկ անձի համար։