ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Որտե՞ղ և ինչպե՞ս է որոշվում, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը դուրս է Եվրոպայի խորհրդի շահերից, որ ԵԽԽՎ որևէ անդամի կողմից հազարավոր անմեղ մարդկանց սպանող ցանկացած ռազմական ագրեսիա ԵԽԽՎ մանդատի սահմաններում չէ: ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում նման հայտարարություն է արել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մշտական անդամ Արմեն Գևորգյանը։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
Նա ելույթ է ունեցել «Անվտանգության նոր մարտահրավերները Եվրոպայում. Եվրոպայի խորհրդի դերը» թեմայով քննարկման ընթացքում:
Գևորգյանը նշել է, որ ԵԽԽՎ-ին չի հաջողվել անդրադառնալ ժողովրդավարական խաղաղության առավել հիմնարար հարցերին, այն է՝ կյանքի իրավունքի և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի պաշտպանությունը։
Նա ընդգծել է, որ մեծ ջանքեր են գործադրել անդամ երկրներում մահապատիժը վերացնելու համար, սակայն ԵԽԽՎ-ն աչք է փակում այն հանգամանքի վրա, թե բարձր տեխնոլոգիաների արդյունաբերությունն ինչպես է նոր մահաբեր սպառազինություն ստեղծում և ազատ վաճառում շուկայում:
«Երբևէ չեմ լսել, որ որևէ հետաքննություն կամ փաստահավաք առաքելություններ բացահայտեն, թե ինչպես են որոշ անդամ պետություններ օգտագործում արգելված զինատեսակներ, ինչպիսիք են, օրինակ, սպիտակ ֆոսֆորային ռումբերը: Անդամ որոշ երկրներ ցույց են տվել, որ ուժի և փողի կիրառմամբ կարելի է լուծել որոշ հարցեր՝ անտեսելով հիմնարար իրավունքներն ու ազատությունները»,- ասել է Գևորգյանը։
Նրա խոսքով` ԵԽԽՎ-ի համար տարօրինակ ավանդույթ է դարձել որոշ հիմնարար իրավունքների և ազատությունների խախտումների քննարկումից խուսափելը՝ բացատրելով, որ Եվրոպայի խորհուրդը չի զբաղվում անվտանգության հարցերով: Նա դա անընդունելի դիրքորոշում է համարել, որը, ըստ էության, խրախուսում է նոր խախտումներ:
Գևորգյանն իր խոսքը եզրափակել է այն դիտարկմամբ, որ հարգանքի, վստահության և երկխոսության միջավայրի վերահաստատմամբ է, որ կարող են ԵԽԽՎ-ն դարձնել միջազգային համագործակցության և ազատ աշխարհի արժեքների պաշտպանության համապատասխան ֆորում։
Հիշեցնենք` ՀՀ նախկին փոխվարչապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԵԽ պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը մասնակցում է հունիսի 19-25-ը Ֆրանսիայում անցկացվող ԵԽԽՎ լիագումար նստաշրջանին։