ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Հավաքական Արևմուտքի ճնշումը ԵԱՏՄ առանձին պետությունների վրա ուժեղանում է, դա անդրադառնում է միության բոլոր մասնակիցների վրա։ Նման քայլերին արդյունավետ կարելի է պատասխանել միայն համատեղ։ Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Մինսկում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստում:
«Հավաքական Արևմուտքի ճնշումն արտացոլվում է Միության բոլոր մասնակիցների վրա։ Մեր տնտեսությունները շատ սերտորեն փոխկապակցված են, ուստի ոչ բարեկամական քայլերին արդյունավետ պատասխանել կարելի է միայն միասնաբար»,- ասել է նա:
Նա նշել է, որ ներկայում հիմնական խնդիրը քաղաքացիների վրա պատժամիջոցների ազդեցությունը նվազագույնի հասցնելն է, մակրոտնտեսական կայունությունն ամրապնդելը: Կարևոր է ապահովել Եվրասիական ինտեգրման հետագա առաջընթաց զարգացումը, համատեղ հաղթահարել միջազգային տնտեսական համակարգի անկայունության հետևանքները աշխարհաքաղաքական նոր, բարդ իրականության պայմաններում։
Պատասխանել միասին և տնտեսությամբ
Պարենային անվտանգությունը համարելով ԵԱՏՄ-ի օրակարգի կարևոր թեմաներից մեկը, Միշուստինը նշել է, որ Եվրասիական տնտեսական խորհրդի (ԵՏԽ) երկրներն իրենք իրենց ամբողջությամբ ապահովում են պարենի առանցքային տեսակներով և կշարունակեն պաշտպանել գյուղատնտեսական ապրանքներ արտադրողների շահերը։
Ռուսաստանի վարչապետը հանդես է եկել Եվրասիական Տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների անդրսահմանային շուկաներում մրցակցային միջավայրի ձևավորման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու օգտին:
«Վերջին տարիները ցույց տվեցին, որ ցանկացած պարագայում առողջ մրցակցությունը մեծ նշանակություն ունի տնտեսության կայունության համար։ Անհրաժեշտ է շարունակել հսկողությունն այս ոլորտում ընդհանուր կանոնների պահպանման նկատմամբ, թվային շուկաներում մրցակցության վիճակի գնահատման նոր մոտեցումներ և դրանց անդրսահմանային լինելու որոշման կարգ մշակել, պայմաններ ձևավորել միջազգային ռոումինգում բջջային կապի ծառայությունների արդարացի սակագներ սահմանելու համար»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է, որ ԵԱՏՄ անդամ երկրները շարունակեն միության ներսում ներմուծման փոխարինման աշխատանքները, բարձրտեխնոլոգիական արտադրանքի մշակման և թողարկման սեփական նախագծերը մշակեն:
«Մենք պետք է նվազեցնենք արտասահմանյան մատակարարումներից կախվածությունը, գործարկենք պահանջված արտադրանքի մշակման և թողարկման սեփական համատեղ նորարարական նախագծերը»,- ասել է վարչապետը:
Միշուստինը հատուկ ընդգծել է, որ աշխարհում աճում է հետաքրքրությունը ԵԱՏՄ-ի հետ փոխգործակցության նկատմամբ, այդ առումով անհրաժեշտ է ամրապնդել շփումները ընկերների և գործընկերների, առաջին հերթին՝ ԱՊՀ-ի մասնակիցների հետ, ինչպես նաև կառուցողական համագործակցություն հաստատել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի, Լատինական Ամերիկայի և Աֆրիկայի երկրների հետ: