ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. ՀՀ ընդդիմությունը պահանջում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի հրաժարականը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Դիմադրություն» շարժման անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը` անդրադառնալով ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանի կողմից գաղտնի ձայնագրության հրապարակմանը, որում Գագիկ Ջհանգիրյանը և ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը տարբեր հարցեր են քննարկում։
Նշենք, որ ասուլիսի ժամանակ Վարդազարյանը հայտարարել էր, որ այդ ձայնագրությամբ կարող է ապացուցել, որ իր դեմ կատարվող ամեն ինչ քաղաքական որոշում է, ու ԲԴԽ-ում իրեն զրկել են ապացույց ներկայացնելու իրավունքից։
«Ի սկզբանե Գագիկ Ջհանգիրյանը լեգիտիմ չէր նշանակվել։ Այնպիսի մարդ, ինչպիսին ինքն է, չի կարող նման պաշտոն զբաղեցնել։ Պարոն Ջհանգիրյանն ուղղակիորեն լիազորությունների չարաշահման անցման հետ կապված հստակ ինքնախոստովանական դիտարկումներ է անում այդ ձայնագրության մեջ։ Նա խոսում է այն մասին, որ կարող է գործեր «տոռմուզ տալ» և ընթացք տալ։ Նա պետք է հրաժարական տա, ինքը կնվազեցնի քրեական գործի քննությանը խոչընդոտելու ռիսկը»,- ասաց Վարդևանյանը։
Պատգամավորը նաև շեշտեց, որ Ջհանգիրյանի դեմ պետք է նաև քրեական գործ հարուցվի ձայնագրության փաստի առթիվ։
Նշենք, որ «Դիմադրություն» շարժումն այսօր հրատապ հանրահավաք է անցկացնում, նաև երթ է լինելու դեպի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավոր գրասենյակ, Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության շենքեր։