Վրաստանը բեռնատարների համար թանկացրել է տարանցման վճարը․ մանրամասներ

Բեռնատարների հերթ «Վերին Լարսում». Արխիվային լուսանկար
Փորձագետները կարծում են, որ սակագնի բարձրացումը բացասաբար կանդրադառնա երկրի տարանցիկ դերի վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik. Վրաստանը բարձրացրել է իր տարածքով տարանցման վճարը։ Այսօրվանից բեռնատարների վարորդները 200 լարիի փոխարեն (մոտ 70 ԱՄՆ դոլար) կվճարեն 350 լարի (մոտ 120 դոլար)։ Համապատասխան որոշումը կայացրել է երկրի ֆինանսների նախարարությունը։

Գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ սակագներն անփոփոխ են եղել վերջին 14 տարիների ընթացքում։ Ընդ որում, վերջին տարիներին Վրաստանն ավելի քան 5 մլրդ լարիի (մոտ 1,3 մլրդ դոլար) ներդրում է կատարել ենթակառուցվածքները և մայրուղիները միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար։

Նշվում է, որ ուղեվարձն աճել է ոչ միայն օտարերկրյա բեռնատարների, այլև Վրաստանի տարածքով տարանցիկ երթևեկող բեռնատարների վարորդների համար:
Բայց Վրաստանի որոշ փորձագետների գնահատմամբ` նոր սակագնային քաղաքականությունը կհարվածի երկրի մրցունակությանը:
Ինչպես երկրի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Վրաստանի Տրանսպորտային միջանցքի հետազոտությունների կենտրոնի տնօրեն Պաատա Ցագարեիշվիլին, Իրանում և Թուրքիայում տարանցման վճարը կազմում է մոտ 500 դոլար: Բարձր սակագները հանգեցրել են նրան, որ այդ երկրներից հոսքն այժմ ուղղվում է Վրաստան։
«Սա ահազանգ է․ գների բարձրացումը կանդրադառնա մրցունակության վրա»,- վստահ է Ցագարեիշվիլին։
Փորձագետը չի բացառում, որ Վրաստանում եղած մեծ հոսքը բարձր սակագների պատճառով կպակասի:
Մյուս մասնագետները նույնպես վստահ են, որ վճարի բարձրացումը բացասաբար կանդրադառնա երկրի տարանցիկ դերի վրա: Նշվում է, որ անհրաժեշտ է ավելի ճկուն սակագներ սահմանել։
Լարսում կանգնած բեռնատարների ապրանքների պահման պայմանները կստուգվեն. Դանիելյան