ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանի արդար դատաքննության իրավունքի պոտենցիալ խախտում է տեղի ունեցել, ասուլիսում հայտարարեց Վարդազարյանի փաստաբան Արամ Օրբելյանը։
«ՀՀ որևէ դատական ատյանում ես երբևէ չեմ նկատել, չի եղել, որ կողմերից մեկը բացակա լինի, խնդրի նիստը հետաձգել ու չհետաձգեն։ Ինչու եմ ասում պոտենցիալ խախտում, քանի որ ԲԴԽ-ն դեռևս ունի հնարավորություն այն վերացնելու, եթե կգտնի, որ դատական քննությունը նորից շարունակելու անհրաժեշտություն կա», - ասաց Օրբելյանը։
Տեղեկացնենք, որ հունիսի 16-ին Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ԲԴԽ հանձնախմբի միջնորդությունը քննարկվել է առանց Վարդազարյանի և Օրբելյանի։
Փաստաբանը շեշտեց, որ դատական նիստին Վարդազարյանը չի ներկայացել, քանի որ վատառողջ է եղել, իսկ ինքը խնդրել է նիստը հետաձգել, քանի որ Կապանում միանգամից 3 դատական նիստեր է ունեցել, որոնց անցկացման օրն ավելի վաղ էր նշանակվել։
Օրբելյանը նաև հայտնեց, որ այս պահին արդեն 2 դիմում է ներկայացրել դատական դեպարտամենտ` պարզելու, թե երբ են իր կողմից ներկայացված նյութերը տրվել դատարանի անդամներին, քանի որ օրենքը, նրա մեկնաբանմամբ, նախատեսնում է 10-օրյա ժամկետ։
Նրա խոսքով` 10-օրյա ժամկետը չլրացած, դատական նիստի օր է նշանակվել։
Փաստաբանը այդ շտապողականության պատճառը չի հասկանում։
Բացի այդ, փաստաբանը հայտնեց, որ միջնորդություն էր ներկայացրել` պատասխանի ներկայացման համար սահմանված ժամկետը 1 շաբաթով երկարացնելու մասին։ Նիստում այդ միջնորդությունը բավարարելու կամ մերժելու որոշում չի հրապարակվել, բայց նիստը որոշվել է շարունակել, ինչը, ըստ փաստաբանի, անթույլատրելի է։
Նշենք, որ ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել ԲԴԽ երեք անդամների նախաձեռնությամբ։ Վարույթ հարուցելու համար դիմել են Գրիգոր Բեքմեզյանը, Լիպարիտ Մելիքջանյանը, Դավիթ Խաչատուրյանը։ Որպես հիմք օգտագործվել է լրատվականներից մեկում հրապարակված հարցազրույցը, որում Վարդազարյանն անդրադարձել է ՍԴ որոշմանը՝ կապված Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամ ընտրվելու դիմումի հետ։
Միջնորդության հեղինակները կարծում են, թե Վարդազարյանը գնահատական է տվել ՍԴ որոշմանը՝ առանց ծանոթանալու ամբողջական որոշմանը, թույլ է տվել հեգնական արտահայտություններ, որով քննադատվում է ՍԴ որոշումը, կասկածի տակ է դնում հիմնավորվածությունը, օբյեկտիվությունը և անաչառությունը, ինչպես նաև ԲԴԽ-ի վերջին 1,5 տարվա գործունեությունը, որոշումները։
ԲԴԽ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։ ԲԴԽ-ն որոշումը կհրապարակի հունիսի 23-ին՝ ժամը՝ 13.55-ին։