ՌԱԴԻՈ

«Վարդապետյանը գլխավոր դատախազի պաշտոնում լինելու է վարչապետի կամակատարը». Թաթուլ Պետրոսյան

Քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության նախկին պետ, արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում Աննա Վարդապետյանի թեկնածությանը։
Sputnik
Տիկին Վարդապետյանը, որպես իրավաբան և վարչապետի օգնական, դատախազությունում պրակտիկ աշխատանքի փորձ չունի, ՀՀ-ում դատախազ կարող է նշանակվել 35 տարեկանից բարձր անձը, բայց պետք է ունենա բավարար աշխատանքային փորձ, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը։
Նշենք` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ իրենց խմբակցությունը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել է Աննա Վարդապետյանի թեկնածությունը։

«Հիմա փաստ է, որ Վարդապետյանը գլխավոր դատախազի պաշտոնում առավելապես լինելու է իշխանությունների, մասնավորապես՝ վարչապետի աթոռը զբաղեցրած անձի կամակատարը։ Բոլորն էլ լավ հիշում են նրա հետ կապված դեպքը, երբ խմբագրել էր քննիչի կողմից որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը։ Այդ քրեական գործը կապված էր ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ»,- ասաց Պետրոսյանը։

Նա հիշեցրեց, որ դատավարության կողմերը Քրեական դատավարության օրենսդրությամբ կարող են ունենալ պաշտպաններ, իսկ առանձին դեպքերում կարող են ներգրավել նաև փորձագետներ, լսել մասնագետի կարծիքն ու ստանալ խորհրդատվություն, մինչդեռ քննիչը դատավարության ընթացքում իրավունք չունի որևէ փորձագետ ներգրավել իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար, հետևաբար ակնհայտ է, որ Աննա Վարդապետյանը, որպես վարչապետի օգնական, խոչընդոտել է նախաքննության մարմնի գործունեությունը, այսինքն` միջամտել է նախաքննությանը, ինչն օրենսդրությամբ կոնկրետ հանցագործություն է։
«Ես լսեցի մամլո ասուլիսում Վարդապետյանի ելույթի մի հատվածը։ Նա նշում էր, որ ԱԱԾ–ն քրեական գործի հարուցումը մերժել է, որից հետո դիմել են դատարան, որն էլ որոշումը թողել է ուժի մեջ։ Սա պարզապես այն իրավիճակն է, երբ նախաքննական մարմինը և դատարանը նկատել են ապօրինություն։ Չէ՞ որ հրապարակավ ներկայացվեց նրա կողմից կատարված կոնկրետ հանցագործությունը, փաստաբան Արման Մակինյանը նկարագրեց և ներկայացրեց։ Եվ հիմա հանցագործություն կատարած անձը, ով արդեն խոցելի է լինելու բոլոր կողմերով, աշխատելու է որպես գլխավոր դատախազ»,- ասաց Պետրոսյանը։
Նա չառարկեց, որ գլխավոր դատախազը կարող է լինել կին, բայց նշեց, որ մերօրյա պայմաններում անփորձ աղջկան գլխավոր դատախազ դարձնելը, մեղմ ասած, իրավապահ մարմինների նկատմամբ արհամարհանք է։ Ըստ նրա` գլխավոր դատախազությունում փորձառու աշխատակիցներ կան, որոնք տարբեր դատավարությունների ժամանակ ցույց են տալիս, որ նույնպես օրվա իշխանության կամակատարն են, բայց այս մոտեցումն անգամ նրանց արժանապատվությունը ոտնահարելու ձև է։
Պետրոսյանի դիտարկմամբ` Նիկոլ Փաշինյանը կադրային հարցերում այլևս առաջնորդվում է միայն իր անձին նվիրված լինելու հանգամանքով և բոլորի վերաբերյալ ունենում է կոմպրոմատային նյութեր, որպեսզի մարդկանց դարձնի խոցելի ու կամակատար։
Նրա կարծիքով` Վարդապետյանը ժառանգելու է ընդդիմադիրների նկատմամբ հարուցված ապօրինի գործերը և փորձելու է դրանք հասցնել մինչև վերջ։
Հիշեցնենք, որ ՔՊ խմբակցությունը Աննա Վարդապետյանի առաջադրման մտադրության մասին հայտնել էր հունիսի 16-ին՝ նրա մասնակցությամբ շուրջ երկու ժամ տևած փակ հանդիպումից հետո: ՔՊ-ում կարծում են, որ 36-ամյա Աննա Վարդապետյանի մասնագիտական կարողությունները բավարար են ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում աշխատելու համար:
Աննա Վարդապետյանը երբևէ չի աշխատել դատախազությունում: Նա այժմ Նիկոլ Փաշինյանի օգնականն է իրավական հարցերով: Մինչ այդ էլ զբաղեցրել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը, իրավաբանական գիտությունների թեկնածու է: