ՌԱԴԻՈ

Շատերը վախենում են, որ չեն հասցնի գազաբալոնի տեղադրման վկայագիր ստանալ. Արկադի Սարգսյան

«Գազմաստեր» ՍՊԸ տնօրեն Արկադի Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է գազաբալոնների վկայագրման գործընթացին։
Sputnik
Միայն լիցենզավորված կազմակերպությունների կողմից տեղադրված ու վկայագրված գազաբալոններին առնչվող որոշումը միանգամայն ճիշտ է, քանի որ արդեն մարտ ամսից գազաբալոններն ինտենսիվորեն փորձարկվում են, և կան բազմաթիվ բալոններ, որ նույնիսկ վարորդները չգիտեն դրանց ժամկետանց լինելու մասին, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Գազմաստեր» ՍՊԸ տնօրեն Արկադի Սարգսյանը։
«Շարժի առումով մարդիկ շատ ակտիվ են, նույնիսկ մտախավություն ունեն, որ կարող է չհասցնեն մինչև օգոստոսի մեկը ստանալ գազաբալոնի տեղադրման արտոնագիր։ Մեր լաբորատորիան աշխատում է հերթի տակ։ Շաբաթվա կտրվածքով ստուգում և վկայագրում ենք մոտ 200–300 գազաբալոն»,– ասաց Սարգսյանը։
Նրա հավաստմամբ` նույնիսկ խիտ աշխատանքային գրաֆիկի պայմաններում մասնագետներն աշխատում են չափազանց ուշադիր` հետևելով բոլոր նորմերին, հետևաբար բոլոր գազաբալոնները լաբորատորիայից դուրս են գալիս ամբողջովին ստուգված։
«Իսկ թե կլինեն դեռ անբարեխիղճ վարորդներ, ովքեր կփորձեն շրջանցել օրենքը, պարզ կլինի օգոստոսի 1-ից հետո և այն հանգամանքից, թե ինչպես պատկան մարմինները կիրականացնեն վերահսկողություն և ինչպես կվերաբերվեն պատահական ավտոտնակներում գազաբալոններ տեղադրողներին։ Եթե պատշաճ վերահսկողություն չլինի, կշարունակվի այնպես, ինչպես եղել է նախկինում»,– ասաց «Գազմաստեր» ընկերության տնօրենը։
Սարգսյանի խոսքով` իրենց կազմակերպությունը ստացել է ինչպես գազաբալոններ տեղադրելու, տեխզննում անցկացնելու, գազաբալոնները պարբերաբար փորձաքննության ենթարկելու, այնպես էլ դրանք արտոնագրելու իրավունք։ Նրա վկայությամբ` ստուգումները ցույց են տալիս, որ 20 գազաբալոնից առնվազն մեկը ժամկետանց է։
«Վարորդներն այժմ շատ ուշադիր են, ավելի լրջորեն են մոտենում անվտանգության խնդրին, դիմում են լիցենզավորված կազմակերպություններին, որոնք իրենց հերթին աշխատում են հարմար գնային քաղաքականությամբ, իսկ սպասարկումը տատանվում է 10-15 հազար դրամի սահմաններում։ Չեմ կարծում, որ իրար կխանգարենք, առավել ևս, որ 15 կազմակերպությունը Հայաստանի համար բավականին քիչ է»,– ասաց Սարգսյանը։
Չփորձաքննված գազաբալոններով ավտոմեքենաները օգոստոսի 1-ից գազալցակայաններում չեն լիցքավորվի
Նրա կարծիքով` դժվար թե կազմակերպություններից մեկ–երկուսը փորձեն մենաշնորհել ոլորտը, որովհետև բոլորն էլ բաց են աշխատում և յուրաքանչյուրն ունի իր հաճախորդների շրջանակը։
Հիշեցնենք, որ Հայաստանում օգոստոսի 1-ից չեն լիցքավորվի տրանսպորտային միջոցների այն գազաբալոնները, որոնք տեղադրված կամ վկայագրված չեն լինի լիցենզավորված կազմակերպության կողմից։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:
Երևանում և մարզերում այս պահին գործում է 15 լիցենզավորված կազմակերպություն: