ՌԴ–ի և ՀՀ–ի միջև առևտրաշրջանառությունն աճել է 30%–ով. Միշուստին

ՌԴ վարչապետը նշել է, որ Ռուսաստանը բարձր է գնահատում եղբայրական Հայաստանի հետ առանձնահատուկ հարաբերությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի միջև ընթացիկ տարվա հունվար–ապրիլ ամիսների արդյունքներով` փոխադարձ առևտրաշրջանառությունն աճել է 30 %–ով և գերազանցել 890 մլն դոլարը։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Մինսկում հանդիպման ժամանակ ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի հիմնական արտաքին առևտրատնտեսական գործընկերը և ՀՀ տնտեսության ներդրողը: Առևտրաշրջանառության առումով, կարծում եմ, դեռևս աճելու տեղ կա։ Ռուսական կապիտալի ծավալը ՀՀ տնտեսության մեջ կազմում է ավելի քան 2 մլրդ դոլար, այստեղ ևս աճելու հնարավորություններ կան, և ռուս ներդրողների համար կարևոր կլինի ընդլայնել իրենց ներդրումները Հայաստանում»,– նշել է Միշուստինը:
Նրա խոսքով` Հայաստանում գործում են հայրենական խոշոր ընկերություններ` նավթագազային, տրանսպորտային, թվային տեխնոլոգիաների ուայլ ոլորտների։ ՌԴ–ն հույս ունի, որ ՀՀ կառավարությունը կշարունակի բարենպաստ պայմաններ ստեղծել ռուսական ընկերությունների համար:
ՌԴ գործադիրի ղեկավարը նաև նշել է, որ այդ հարցերը գտնվում են միջկառավարական հանձնաժողովի ուշադրության կենտրոնում:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին աշխատանքային այցով մեկնել է Մինսկ, որտեղ մասնակցելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Այսօր այն անցկացվում է նեղ, իսկ վաղը կանցկացվի ընդլայնված կազմով։