ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Ռուսաստանը հանել է ցամաքային սահմանով մուտքի բոլոր սահմանափակումները Հայաստանի քաղաքացիների համար, ինչը կնպաստի զբոսաշրջության և տնտեսական կապերի զարգացմանը։ Այս մասին Մինսկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։
«Մենք հույս ունենք, որ մոտ ժամանակներս զբոսաշրջային հոսքերը կվերականգնվեն, դա շատ կարևոր նշանակություն ունի Հայաստանի և Ռուսաստանի բնակիչների համար»,- ասել է ՌԴ կառավարության ղեկավարը։
Միշուստինն ընդգծել է, որ ռուսական կողմն առաջնահերթ ուշադրություն է դարձնում Անդրկովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը:
«Գործնական աշխատանքն ակտիվորեն ընթանում է եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում՝ փոխվարչապետների նախագահությամբ։ Պետերբուրգի տնտեսական համաժողովի ընթացքում տեղի է ունեցել խմբի հերթական նիստը»,- նշել է նա։
Փաշինյանը ռուսական կողմին շնորհակալություն է հայտնել ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետում առաջացած խնդիրների լուծման համար՝ հիշեցնելով, որ դա միակ ցամաքային ճանապարհն է, որը միացնում է Հայաստանը Ռուսաստանին:
«Մենք բավական մտահոգ էինք այդ կապակցությամբ, քանի որ ընթացիկ տնտեսական կոնյունկտուրայի հետ կապված, այնտեղ որոշակի խնդիրներ են առաջանում՝ տնտեսական հոսքերի ավելացման պատճառով։ Շատ կարևոր է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը արհեստական խոչընդոտների չհանդիպի, ինչը պայմանավորվել ենք նաև մեր վրացի գործընկերների հետ»,- ասելէ Փաշինյանը։
Հայաստանի վարչապետը նաև դրական է արձագանքել ամբողջ տարածաշրջանի ապաշրջափակմանը։
«Ես հույս ունեմ, որ արդեն կատարված աշխատանքի արդյունքում մենք կոնկրետ լուծումների կգանք։ Տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակումն ընթացիկ իրավիճակում առանձնահատուկ կարևորություն է ստանում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին աշխատանքային այցով մեկնել է Մինսկ, որտեղ մասնակցելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Այսօր այն անցկացվում է նեղ, իսկ վաղը՝ ընդլայնված կազմով։