ՔՊ-ն գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել է Աննա Վարդապետյանի թեկնածությունը

Աննա Վարդապետյան
Գործող գլխավոր դատախազի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2022-ի սեպտեմբերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել է Աննա Վարդապետյանի թեկնածությունը: Տեղեկությունը հրապարակվել է խմբակցության ֆեյսբուքյան էջում։
ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հունիսի 16-ին լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Վարդապետյանն իր մասնագիտական որակներով և բարձր բարոյական, արժեքային հատկանիշներով, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված պահանջներով համապատասխանում է այն առաքելությանը, որը պետք է ունենա ապագա գլխավոր դատախազը
Աննա Վարդապետյանը 36 տարեկան է։ 2019-ին եղել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, 2020 թ. մարտին նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական։
Գործող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2022-ի սեպտեմբերին։
Գլխավոր դատախազն Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրվում է Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով։ Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել գլխավոր դատախազ։