ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանը այսօր հրավիրված ասուլիսում գաղտնի ձայնագրություն հրապարակեց ու հայտարարեց, թե ունի ապացույց, որ իր դեմ կատարվող ամեն ինչ քաղաքական որոշում է, ու ԲԴԽ-ում իրեն զրկել են ապացույց ներկայացնելու իրավունքից։
Ըստ նրա՝ այդ ձայնագրությունից պարզ կդառնա, թե ինչու է ինքը դարձել թիրախ, թե ինչու է քաղաքական որոշում կայացվել, որ ինքը չպետք է աշխատի ԲԴԽ նախագահի պաշտոնում։
Ձայնագրությունը կատարվել է 2021 թվականի փետրվարի 20-ին. զրուցում են ինքը, ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանն ու ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը։
«Ինձ 2021 թվականի փետրվարի 20-ին վարչապետի անունից փոխանցել են, որ պետք է հրաժարական տամ։ Ես ասել եմ, որ ինձ մինչև մարտի 1-ը ժամանակ է պետք, քանի որ պետք է գործուղվեմ Մոսկվա։ Բացի այդ ասել եմ, որ կհանդիպեմ վարչապետի հետ, որ իրենից լսեմ իմ հրաժարականի պահանջը, եթե այդպիսին կա, ոչ թե դա փոխանցի երրորդ անձի միջոցով»,- ասաց Վարդազարյանը։
Նրա խոսքով` իրեն ժամանակ էր տրված մինչև 2021 թվականի մարտի 1-ը։ Եվ ձայնագրությունում հենց այդ մասին է խոսվում, որ մինչև նշված ժամանակահատվածը Վարդազարյանի դեմ չպետք է որևէ քրգործ հարուցվի, եթե նա հրաժարական տա։ Հակառակ դեպքում, Ջհանգիրյանը «ոչինչ չի կարող երաշխավորել»։
Վարդազարյանը հավելեց, որ ձայնագրության բնօրինակը ո՛չ իր տանն է, ո՛չ ամառանոցում, ո՛չ էլ երկրում, այսինքն` իմաստ չունի, որ գան և իր տանը փնտրեն: Նա նաև նախազգուշացրեց, որ ձայնագրության մեջ ոչ նորմատիվային լեքսիկոն է օգտագործվում Ջհանգիրյանի կողմից, ինչի համար նախապես ներողություն խնդրեց:
Նշենք, որ ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել ԲԴԽ երեք անդամների նախաձեռնությամբ։ Վարույթ հարուցելու համար դիմել են Գրիգոր Բեքմեզյանը, Լիպարիտ Մելիքջանյանը, Դավիթ Խաչատուրյանը։ Որպես հիմք օգտագործվել է լրատվականներից մեկում հրապարակված հարցազրույցը, որում Վարդազարյանն անդրադարձել է ՍԴ որոշմանը՝ կապված Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամ ընտրվելու դիմումի հետ։
Միջնորդության հեղինակները կարծում են, թե Վարդազարյանը գնահատական է տվել ՍԴ որոշմանը՝ առանց ծանոթանալու ամբողջական որոշմանը, թույլ է տվել հեգնական արտահայտություններ, որով քննադատվում է ՍԴ որոշումը, կասկածի տակ է դնում հիմնավորվածությունը, օբյեկտիվությունը և անաչառությունը, ինչպես նաև ԲԴԽ-ի վերջին 1,5 տարվա գործունեությունը, որոշումները։
ԲԴԽ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։ ԲԴԽ-ն որոշումը կհրապարակի հունիսի 23-ին՝ ժամը՝ 13.55-ին։