ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանը խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկային պարտավորությունները կատարելուց: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։
«Համալսարանի իրավասու անձինք օրենքով սահմանված հաշվետվություններում և հարկման համար հիմք հանդիսացող այլ հաշվարկային փաստաթղթերում ակնհայտ կեղծ տվյալներ են մտցրել նշված բուհում սովորող օտարերկրացի ուսանողների տարեկան վարձավճարի չափի վերաբերյալ, ինչի արդյունքում 2018-2021թթ. ընթացքում խուսափել են շահութահարկի գծով առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 99 453 992 ՀՀ դրամի չափով հարկային պարտավորությունները կատարելուց»,– ասված է հաղորդագրությունում:
Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով (օրենքով սահմանված հաշվետվությունը, հաշվարկը, հայտարարագիրը կամ հարկման հիմք հանդիսացող՝ հարկը, տուրքը, պարտադիր այլ վճարը հաշվարկելու կամ վճարելու պարտավորություն առաջացնող պարտադիր այլ փաստաթուղթը օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չներկայացնելը) հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ըստ քննչական ենթակայության։