ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուին պատկանող Bugatti Veyron ավտոմեքենան Իսպանիայի Մալյորկա կղզում վթարի է ենթարկվել: Տեղեկությունը հայտնում է The Sun պարբերականը։
Աղբյուրը նշում է, որ Ռոնալդուն, որն ընտանիքի հետ հանգստանում է Մալյորկայում, վթարի պահին մեքենայում չի եղել, մեքենան վարել է նրա աշխատակիցը: Վարորդը չի կարողացել կառավարել մեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու բախվել բնակելի տան մոտ գտնվող պատին։
Մեքենան զգալիորեն վնասվել է, բայց վարորդը չի տուժել. նա ընդունել է իր մեղքն ու ստորագրել ճանապարհատրանսպորտային պատահարի մասին արձանագրությունը:
Այս պահին գործով զբաղվում է իսպանական ոստիկանությունը։ Մեքենայի արժեքը, որը կարող է ավելի քան 400 կմ/ժ արագություն բացել, մոտ 2 մլն եվրո է։
Կրիշտիանու Ռոնալդուն «Ոսկե գնդակի» հնգակի տիտղոսակիր է, Չեմպիոնների լիգայի հնգակի հաղթող, ինչպես նաև Եվրոպայի 2016 թվականի չեմպիոն: