ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտեր» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան հաստատել է, որ պայմանագիր է կնքվել ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի հետ։
«Կարող եմ հաստատել, որ մենք պայմանագրեր ենք կնքել Անդրե Օնանայի և Հենրիխ Մխիթարյանի հետ»,- ասել է Մարոտան, որի ասածը մեջբերել է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Տեղեկություններ կան, որ Մխիթարյանը Միլան կմեկնի հունիսի 21-ին և բուժզննում կանցնի ակումբում:
Հայ ֆուտբոլիստի և «Ռոմայի» միջև կնքված պայմանագրի ժամկետն ավարտվում է այս տարվա հունիսի 30-ին։
Հենրիխ Մխիթարյանը երեք մրցաշրջան է անցկացրել «Ռոմայում», իսկ մայիսի 25-ին թիմի հետ հաղթել է նոր եվրագավաթի՝ Կոնֆերենցիաների լիգայի առաջին խաղարկությունում։