ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) գործողության վերսկսումը դեռ հնարավոր է։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն:
«Չնայած ամերիկյան խախտումներին և Թրամփի (ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփ) մոտեցման շարունակությանը, «գնացքը դեռ չի գնացել»»,- ինչպես փոխանցում է Tasnim–ը` ասել է Խաթիբզադեն:
Ինչպես նշել է իրանցի դիվանագետը, միջուկային գործարքին վերադառնալու Թեհրանի պայմանն այն է, որ ԱՄՆ–ն բոլոր պատժամիջոցները վերացնի, և բանակցությունների միջոցով վերադառնան խնդիրների լուծմանը:
Նրա խոսքով՝ Իրանի դեմ լրացուցիչ սահմանափակումները միայն կվատացնեն ԳՀՀԾ-ի շուրջ ստեղծված իրադրությունը:
Դրա հետ մեկտեղ, Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ Թեհրանը պատրաստ է պայմանավորվածությունների կնքմանը, դրա համար կան բոլոր հիմքերը:
2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք կնքեցին` Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիր, որը պատժամիջոցների չեղարկում էր ենթադրում Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց։
2018 թվականի մայիսին ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփը որոշում կայացրեց դուրս գալ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրից և վերականգնել պատժամիջոցները Թեհրանի նկատմամբ։ Ի պատասխան, Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակում փուլ առ փուլ իր պարտավորությունների կրճատման մասին` հրաժարվելով սահմանափակումներից միջուկային ուսումնասիրությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակի հարցում։