Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղն այն բնակավայրերից է, որոնք պատերազմից հետո ադրբեջանական զորքի թիրախում չեն հայտնվել։ Այն Կապանից 8 կմ դեպի հյուսիս է։ Պատմական այս գյուղը շրջապատված է Սյունիքի այլ բնակավայրերով և այդկերպ զերծ է մնացել թշնամու թիրախ դառնալուց։ Փոխարենն Արծվանիկն ունի էկոլոգիական խնդիրներ։ Գյուղի մոտ գտնվող «ջրամբարն» իրականում Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչամբարն է՝ լցված միլիոնավոր խորանարդ մետր ծավալով թունավոր, ծանր մետաղներով։
Ժամանակին այստեղ երկու գյուղակ կար, դամբարանադաշտ, մատուռ, ջրաղաց և այլ կառույցներ։ Սակայն 1970-ականների սկզբին, խորհրդային իշխանությունների որոշմամբ, ամեն ինչ քանդվել է, տեղում կառուցվել Քաջարանի հանքից հանվող մետաղների ավելցուկի համար նախատեսված 4-րդ պոչամբարը։ Արծվանիկի բնակիչ Վլադիկ Օհանյանն ասում է, որ այստեղ աստիճանաբար յուրացվում են ցանքատարածություններն ու արոտավայրերը, ինչը մարդկանց ստիպում է հրաժարվել անասնապահությունից, իսկ հող մշակելու քիչ տեղ կա, քանի որ պոչամբարի մոտակայքում հողերը աղտոտված են։
Մոտենում ես պոչամբարին, ծանր հոտից ուժեղ գլխացավ է սկսվում։ Արծվանիկի այս պոչամբարը Հայաստանի ամենամեծ նման կառույցն է, խոշորագույններից մեկն է համարվում ամբողջ աշխարհի մասշտաբով։ Զրուցում եմ Արծվանիկի բնակիչների հետ։ Գիտեն, որ խիստ վտանգավոր պոչամբար է, բայց նաև ամսական 40,000 դրամ հատուցում են ստանում, բավարարվում են դրանով։ Մասնագետներն ասում են՝ եթե պոչամբարը շարունակվի լցվել ծանր մետաղներով, մի քանի տարի անց կհասնի գյուղին՝ հարցականի տակ դնելով ամբողջ Արծվանիկի գոյությունը։
Մտնում եմ Արծվանիկ։ Իր դիրքով գյուղը հիշեցնում է Արցախի Բերձոր քաղաքը՝ կառուցված ձորակի մեջ ու բարձունքի լանջին։ Այս բնակավայրը հին պատմություն ունի, որի տարածքը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով: Հնագիտական պեղումների ժամանակ գյուղի տարածքում հայտնաբերվել են բրոնզեդարյան մշակութային արժեքներ՝ արձանիկներ, սափորներ, զենքեր, զարդեր: Արծվանիկի անունն առաջացել է 6-րդ դարի հայտնի հոգևորական Երիցակի անունից՝ Երեց, Երեցվանիկ, ինչից էլ՝ Արծվանիկ։ Դրանից է ծագում նաև գյուղի մոտակայքում գտնվող Երիցավանք վանական համալիրի անունը: Արծվանիկի այսօրվա հպարտության առարկաներն են «Ագռավի տապան» միջնադարյան կառույցը, մ.թ.ա. 4-րդ դարից մնացած ամրոցի ավերակները, 6-րդ դարի «Ճգնավորի» մատուռը, 991 թ. կառուցված կիսավեր եկեղեցին, մոտ 500 տարեկան փռշնի ծառը։
Արծվանիկ գյուղի մասին պատմվում է Րաֆֆու «Դավիթ Բեկ» վեպում։ Գրողը հիշատակում է Արծվանիկի մի գերեզմանի մասին՝ մնացած 1700-ական թվականներից։ Խոսքը Մելիք Ֆրանգյուլի մասին է, ով համագործակցել է թշնամու հետ՝ դավաճանելով Դավիթ Բեկին ու հանձնելով Սյունիքի բազմաթիվ տարածքներ։ Րաֆֆին 19-րդ դարում մանրամասն ներկայացնում է Արծվանիկում դավաճանության համար պատժված և սպանված Մելիք Ֆրանգյուլի պատմությունը, իսկ Արծվանիկցի Վլադիկը 2022-ին մեզ ցույց է տալիս այն գերեզմանը, որի տակ պառկած է դավաճան մելիք Ֆրանգյուլը և որի վրա մինչև այսօր զզվանքով թքում են տեղացիները ։ Ամեն ինչ նույնն է մնացել, բացի քարի կողքի մենավոր կաղնի ծառից։ Այն չկա այսօր։ Տեղացիներն ասում են՝ դավաճանը թունավորել է հողն ու սպանել ծառի արմատները։
Դավաճան Ֆրանգյուլին հիշելուց բացի Արծվանիկի բնակիչները մատնանշում են Սյունիքի տարածքում նստած ադրբեջանցիներին ու շեշտում՝ սրանց վերջին անգամ տեսել էին սովետական տարիներին, հիմա էլի եկել են։ Սրանց աչքն էլի Սյունիքի վրա է։
Մինչև պատերազմը Կապանի ենթաշրջանի, այդ թվում Արծվանիկի բնակիչները Գորիս գնալու համար 65 կիլոմետրը Շուռնուխի մոտով անցնում էին մոտավորապես 1 ժամում, հիմա ստիպված են գնալ Տաթևի ճանապարհով, որի երկարությունը թեև 85 կիլոմետր է, բայց լեռնային տեղանքի պատճառով տևում է մոտ 2 ժամ։