Ուժեղ ջրհեղեղներ Հնդկաստանում. 60-ից ավելի մարդ է մահացել

Ջրհեղեղ Հնդկաստանում
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հավաստիացրել է, որ տարերային աղետից տուժածներին օգնություն կցուցաբերվի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի - Sputnik. Հնդկաստանի Ասամ և Մեգհալայա նահանգները տուժել են ավերիչ ջրհեղեղներից։ Առնվազն 62 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է NDTV-ն։
Միայն հունիսի 18-ին Ասամում տեղատարափ անձրևների ու ջրհեղեղների հետևանքով 8 մարդ է զոհվել, այդ թվում՝ 4 երեխա: Եվս ութ մարդ անհետ կորած է համարվում։
Նահանգում հեղեղվել է 33 շրջաններից 32-ը, 30 հազար մարդ տուժել է: Ավելի քան 156 հազար բնակիչներ տեղափոխվել են ժամանակավոր տեղակայման ճամբարներ։ Տեղատարափ անձրևներն ու սողանքները վնասել են ավելի քան 4 հազար գյուղ, 230 ճանապարհ ու 16 կամուրջ:
Ջրային ռեսուրսների նախարար Ասամա Պիուշ Խազարիկան նշել է, որ նահանգում իրավիճակը խիստ անբարենպաստ է։ Ջրհեղեղից տուժած շրջաններում ժամանակավոր կամուրջներ են կառուցում՝ մարդկանց տարհանելու համար:
Իսկ Մեգհալայա նահանգում տուժել է մոտ 5 հազար մարդ։ Միայն այս շաբաթ նահանգում առնվազն 18 մարդ զոհվել է։
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ավելի վաղ խոսել էր գլխավոր նախարար Խիմանտա Բիսվա Սարմայի հետ ու հավաստիացրել է, որ տարերային աղետից տուժածներին օգնություն կցուցաբերվի: