ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Հայ–ադրբեջանական սահմանին հակառակորդի արձակած կրակոցից երեկ` հունիսի 18–ին, ժամկետային զինծառայող է զոհվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին պաշտպանության նախարարությունից։
Գերատեսչությունից խոստացան մանրամասները ներկայացնել ավելի ուշ։
Նշենք, որ լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հրադադարի ռեժիմը թշնամին խախտել է Վարդենիսի ուղղությամբ։ Նրանց տեղեկություններով՝ զոհված զինծառայողը Արագածոտնի մարզի Բյուրական գյուղից է, 19 տարեկան։ Նա բանակ էր զորակոչվել մոտ 1 տարի առաջ։
Հիշեցնենք, որ մայիսի 28-ին էլ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում նաև դիպուկահար հրացաններից, կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հրազենային վիրավորում էր ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վարդանյանը, որի կյանքը փրկել չէր հաջողվել։