Ինչպե՞ս դուրս գալ դժոխային վիճակից. անխոս արվեստի ղեկավարը խոսել է երկրի և թատրոնի մասին

Ժիրայր Դադասյանը Sputnik Արմենիայում
Երևանի մնջախաղի պետական թատրոնը մասնակցել է Սերգիև Պասադում անցկացված «У Троицы» VIII-րդ Միջազգային թատերական փառատոնին և վերադարձել հատուկ մրցանակով՝ «Արվեստում քրիստոնեական թեմայի ոգեշունչ մարմնավորման համար»։ Ժիրայր Դադասյանը փառատոնային մանրամասներ է ներկայացրել։
Sputnik
Sputnik Արմենիայի հետ զրույցում Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչԺիրայր Դադասյանը պատմել է փառատոնից, անդրադարձել նաև երկրում ստեղծված իրավիճակին, խոսել քաղաքական գործընթացներում մտավորականության դերի մասին։
Նա կարևորել է ազգային արժեհամակարգի պահպանումն ու փոխանցումը հաջորդ սերունդներին։ Արվեստագետը խոսել է կոչումների վերացման որոշման մասին և հույս հայտնել, որ երկու տարի անց Մնջախաղի թատրոնի հիմնադրման 50-ամյակը դրսում չեն նշի։

Վերադարձ` կրկնակի հաղթանակով

Սերգիև Պոսադը, որտեղ տեղի ունեցավ «У Троицы» VIII-րդ Միջազգային թատերական փառատոնը, համարվում է ռուսական ուղղափառության կենտրոն։ Այն անմիջական կապ ունի Պետրոս Առաջինի հետ, որի 350-ամյակը լրանում էր փառատոնի օրերին։ Մրցութային ծրագրում ներկայացված էին 15 թատրոն. Երևանի մնջախաղի պետական թատրոնն արժանացավ հատուկ մրցանակի՝ «Արվեստում քրիստոնեական թեմայի ոգեշունչ մարմնավորման համար»։
Փառատոնի շրջանակում կայացած երիտասարդ ռեժիսորների լաբորատորիա մրցույթին մասնակցեց 4 կին ռեժիսոր։ Հանդիսատեսի քվեարկության արդյունքում հաղթեց Հայաստանը ներկայացնող՝ Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի բեմադրիչ-դերասանուհի Նորա Գրիգորյանը։

«Շերանիկից» տպավորված ժյուրին

Ժիրայր Դադասյանն ասում է, որ իրենք փառատոնին ներկայացրել էին «Շերանիկ» ներկայացումը։ Այն ամբողջությամբ համապատասխանում էր պահանջներին՝ հոգևոր բաղադրիչ ունենալու պայմանին։ Այն 13-րդ դարի Անիի միակ պահպանված մատյանի՝ «Հաղպատի ավետարանի» հիման վրա բեմադրված ներկայացում է։
«Ներկայացման մեջ հրաշալի պատկերված են հայկական ավանդական մշակույթը, մնջախաղի արվեստն ու 13-րդ դարի հայկական մանրանկարչությունը, մայրաքաղաք Անիի՝ այդ ժամանակաշրջանին հատուկ առօրյան։ Հնչում են միջնադարյան շարականներ, ստվերային թատրոն կա։ Այս ամենն ակնհայտ ազդել էր ժյուրիի վրա»,- խոստովանում է Դադասյանն ու հավելում, որ փառատոնին հրավիրված է եղել նաև որպես ժյուրիի անդամ, բայց իր թատրոնի ելույթի քննարկմանը, բնականաբար, չի մասնակցել։

Սիրո շուրջ չեն պառակտում

Դադասյանն ասում է, որ ամբոխային հոգեբանության տեսանկյունից «համախմբելու» ամենաաշխատող մեթոդը թշնամանքի շուրջ համախմբելն է։ «Առհասարակ, հասարակությանը համախմբել թշնամանքի շուրջ ավելի «արդյունավետ» է, քան սեր քարոզելու միջոցով»,- ասում է նա։ Արվեստագետը ցավ է ապրում, որ մեր հասարակությունը երկփեղկվեց հենց այդ սկզբունքով՝ սերմանելով թշնամանք մեկը մյուսի նկատմամբ։ «Բայց քանի որ պատմությունն ու ժամանակը կանգ չեն առնում, վստահ եմ` մի գեղեցիկ օր նորից կվերաիմաստավորվենք»։

Իսկ սեր քարոզում են արվեստներն, ու հենց արվեստագետներն են փորձում բարձրացնել մարդուն, որպեսզի նա կատարելագործի իր ներքին աշխարհը, զարգացնի և կարողանա հավասարակշռել ինքն իրեն։ Բայց տեխնոլոգիաներն այսօր ի զորու են անճանաչելիորեն փոխելու մի ամբողջ ժողովուրդ։

Նա համոզված է, որ թշնամիները գիտեին այդ բոլոր բանաձևերը, տեխնոլոգիաները և տարիներ, տասնամյակներ պատրաստվելով, կիրառելով դրանք՝ եկան և հասան արդյունքի։

Ասելիքը սպառվել է, անելիք շատ կա

Ժիրայր Դադասյանն ասում է, որ տարիների ընթացքում ինքն իր դիրքորոշումը հայտնել է, արդեն ասելիք չի մնացել։ Նշում է` մտավորականի խնդիրն իր տեսակետը հայտնելն է, ո՛չ ուղղորդելը, ո՛չ քարոզելը․ դրա համար էլ մտավորականն իր գործով է զբաղված և քաղաքական գործիչ չէ։ Նա կարող է ընդամենը գնահատականներ տալ։
«Լեո կարդացած մտավորականը մի կարծիք կարող է ունենալ, Լեո չկարդացած մտավորական կոչվածը՝ մեկ այլ»,- ասում է Դադասյանը։

Հավատարիմ մեր պապերի երազանքին

Իր բազմաթիվ շրջագայությունների արդյունքում, Դադասյանը առանձնացնում է մի դիտարկում, երբ ցանկացած երկրի նույնիսկ ամենափոքր քաղաքում, եթե 3 հայ են հանդիպում, քիչ թե շատ ապահովված, որոշում են մի փոքրիկ մատուռ կառուցել, այնտեղ կիրակնօրյա դպրոց բացել, որպեսզի զավակները հայերեն սովորեն։
Ակադեմիկոսից մինչև բանվոր մտածում են պահպանել լեզուն, գիրը և եկեղեցին, որի հիման վրա հայ մարդը պետք է հայ մնա։ Նրան մտահոգում է, այն հանգամանքը, որ նման մոտեցումն այսօր պակասում է մեր երկրի ներսում։ Մտավորականը կասկած է հայտնում, որ գուցե կիրառվում է ինչ-որ տեխնոլոգիա, որը հետո կուսումնասիրվի, կբացահայտվի։

Թատրոնի 50-ամյակը նշենք դրսո՞ւմ

Երևանի մնջախաղի պետական թատրոնը շատ անգամ խորհրդանշվում է սեփական շենքը չունենալու` տասնամյակներ ձգվող խնդրով։ 2024 թվականին թատրոնը մեծ շուքով նշելու է իր 50-ամյակը, որից 40-ն ունեցել է պետական կարգավիճակ, իսկ դա նշանակում է, որ պետությունը պարտավոր է ապահովել պայմաններ։ Գեղարվեստական ղեկավարը կասկած է հայտնում՝ մինչ այդ կավարտվի՞ իրենց շենքի շինարարությունը, թե՞ ոչ, թեև նրան, երրորդ ամիսն է՝ վստահեցնում են, որ շինարարությունը շուտով կվերսկսվի։ «Ամոթ կլինի թատրոնի 50-ամյակը նշել դրսում,- ասում է Ժիրայր Դադասյանն ու հավելում,- 40 տարի սպասել ենք, մի քիչ էլ կսպասենք»։

Մի «կոչման» պատմություն

Անդրադառնալով ԿԳՄՍ-ի որոշմանը՝ վերացնել ժողովրդական, վաստակավոր կոչումներն ու այլ տիտղոսները, Դադասյանն ասում է, որ դրանք մեծ հաշվով հետսովետական մնացուկ են։ Բայց և կարևորում է իր կյանքում վաստակավոր կոչումը՝ ընտանեկան պատմությամբ։
«Ես ստացել եմ այդ կոչումը 2009 թվականին, բայց երբեք ոչ մի ազդագրում չեմ նշել այն, ասել եմ՝ համարենք, որ իմ անուն ազգանունն իմ կոչումն է։ Հայրս ֆիզիկոս էր, երկար ժամանակ չէր ընդունում թատրոնով զբաղվելու իմ ընտրությունը, համարում դա անիմաստ զբաղմունք։ Եվ երբ ստացա վաստակավորի կոչումը, նա բացեց իր ծոցատետրը, զանգեց իր բոլոր ընկերներին և հպարտությամբ հայտնեց այդ լուրը։ Մեկ տարի անց հայրս մահացավ։ Ինձ համար արժեքավոր էր, որ հայրս ընդունեց իմ ընտրությունը՝ թեկուզ ոչ թե իմ հաջողությունների, այլ կոչման շնորհիվ։ Հին մարդ էր, հին հոգեբանությամբ»,-անկեղծանում է Դադասյանն ու հավելում, որ կոչումներն իր համար բնավ նշանակություն չունեն։

Ազգային հստակ ծրագրի պահանջ

«Ինչպե՞ս պիտի գնահատվի այս շրջանը»,- հարցնում է արվեստագետն ու վստահություն հայտնում, որ հետագայում գիտնականները պետք է շատ լուրջ ուսումնասիրեն այն ամենն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում վերջին տարիներին։ «Կարծում եմ` մենք հիմա շատ դժոխային՝ և՛ հոգեբանական, և՛ տնտեսական իրավիճակում ենք։ Պետք է վերապրենք այս շրջանն ու անցնենք, հաղթահարենք և դուրս գանք»։

Նշում է` պետք է լինի շատ հստակ մշակված ազգային ռազմավարական ծրագիր` առավելագույն և միջանկյալ նշաձողերով։ Այդ առանցքի մեջ իրենց տեղը պետք է ունենան և՛ Արցախը, և՛ Ցեղասպանության խնդիրը՝ Թուրքիայի հետ հարաբերություներում, և՛ մեր կորուսյալ հայրենիքը՝ Արևմտյան Հայաստանը։ Դրանք առավելագույն ծրագրերն են, որ պետք է դրվեն իշխանության կողմից»,- իր հստակ տեսակետն է հայտնում մտավորականը։

Ժիրայր Դադասյանն այս շրջանն անվանում է լուրջ քավարան, որի միջից պետք է դուրս գանք մեր ժողովրդի թաքնված իմաստության շնորհիվ։