ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի - Sputnik. Այսօր Ֆրանսիայում Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) ընտրությունների երկրորդ փուլն է։
Խորհրդարանի 577 պատգամավոր կընտրվի հինգ տարի ժամկետով։ Երկրորդ փուլում պատգամավորության թեկնածուներին բավական է հավաքել ձայների մեծամասնությունը։ Ընտրատեղամասերը բացվել են Ֆրանսիայի ժամանակով 8։00-ին։
Մարզերում ընտրատեղամասերն աշխատանքը կավարտեն ժամը 18:00-ին, խոշոր քաղաքներում՝ տեղական ժամանակով 20:00-ին:
Առաջին նախնական արդյունքները կհայտարարվեն անմիջապես exit poll-ի միջոցով: Պաշտոնական արդյունքները պարզ կլինեն արդեն այսօր երեկոյան կամ երկուշաբթի գիշերը:
Խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում հիմնական պայքարը կծավալվի նախագահական «Միասին» կոալիցիայի և Ժան Լյուկ Մելանշոնի գլխավորած ձախերի կոալիցիայի միջև։ Առաջին փուլի արդյունքներով, որը տեղի է ունեցել հունիսի 12-ին, «Միասին» կոալիցիան ստացել է ձայների 25,71 տոկոսը, Մելանշոնի գլխավորած «Նոր ժողովրդական էկոլոգիական և սոցիալական միությունը»՝ 25,61 տոկոսը։
Նշենք, որ Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում ընտրողների մասնակցության ցուցանիշը ցածր է եղել։ Ֆրանսիայի ՆԳՆ տվյալներով՝ ընտրատեղամաս է եկել ընտրողների 39,42 տոկոսը։