ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի - Sputnik. Քննչական մարմինը հայտարարել է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի դեմ քրեական գործով նախաքննության ավարտը։ Տեղեկությունը հայտնել են Գրիգորյանի պաշտպանական խմբի անդամները` Ռուբեն Մելիքյանն ու Արմեն Մաշինյանը։
«Գործի նյութերը ծանոթացման համար տրամադրվել են պաշտպանության կողմին։ Դատալսումները հավանաբար կսկսեն հուլիսին»,- նշել է փաստաբանը։
Փաստաբաններն ընդգծում են, որ Արմեն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդման կապակցությամբ պաշտպանների հիմնական պնդումները երկուսն են` Գրիգորյանին վերագրվող արարքը Քրեական օրենսգրքում որպես հանցանք նախատեսված չէ, և Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը և նրա կալանավորումը կրում են քաղաքական ու խտրական բնույթ։
Հիշեցնենք, որ Գրիգորյանը ձերբակալվել է մայիսի 17-ին ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար, այն է` հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով` ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելուն, ռասայական գերազանցությանը կամ ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողությունները։
Ըստ ԱԱԾ-ի հաղորդագրության` Արմեն Գրիգորյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել «Հայելի» ակումբում և այլ ԶԼՄ-ներում նրա տված հարցազրույցների հիման վրա, որոնցում Գրիգորյանը հրապարակայնորեն նվաստացրել է Շիրակի և Արարատյան դաշտավայրերի բնակչության ազգային արժանապատվությունը և մտացածին գաղափարներով կասկածի տակ դրել նրանց էթնիկ ծագումնաբանությունը:
Քրեական օրենսգրքի հիշյալ հոդվածով նախատեսված է 3-6 տարվա ազատազրկում։ Արմեն Գրիգորյանը կալանավորվել է մայիսի 18-ին։