Պետք է ՌԴ–ի հետ անվտանգության նոր համատեղ մեխանիզմներ ներդնել. Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանի կարծիքով՝ անհրաժեշտ է հետխորհրդային տարածքում լիարժեք օգտագործել ինտեգրացիոն նախագծերի հնարավորությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Հայաստանը Ռուսաստանի հետ միասին պետք է տարածաշրջանում անվտանգության նոր մեխանիզմներ ներդնի։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության հանրահավաքի ժամանակ հայտարարեց Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
«Ռուսաստանի հետ համատեղ պետք է արագացված տեմպերով տարածաշրջանային անվտանգության լրացուցիչ մեխանիզմներ մշակել և ներդնել։ Այդ համատեքստում էական դեր է խաղալու ռազմաքաղաքական նոր համատեղ նախագծերի իրականացումը»,– նշեց Զաքարյանը։
Հանրապետականը նաև կողմ է բոլոր ուղղություններով հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ընդլայնմանը։ Նա հայտարարեց, որ Հարավային Կովկասում Ռուսաստանի միակ իրական դաշնակիցը Հայաստանն է։
«Պետք է ակտիվ և ինտենսիվ աշխատանքներ տանել բոլոր միջպետական խողովակներով՝ ամրապնդելով տարածաշրջանում Հայաստանի խարխլված դիրքերը։ Անհրաժեշտ է առավելագույնս արդյունավետ օգտագործել այնպիսի կազմակերպությունների ռազմական, ռազմաքաղաքական և տնտեսական ներուժը, ինչպիսիք են ԵԱՏՄ-ն, ՀԱՊԿ–ն և ԱՊՀ-ն»,- ասաց Զաքարյանը։
Նա նաև կարծում է, որ Արցախի անվտանգության ապահովման համար Հայաստանը պետք է աջակցի ռուս խաղաղապահների երկարաժամկետ ներկայությանը` ձգտելով խաղաղապահների համար ստանալ ԵԱՀԿ-ի ներկայացուցչական կարգավիճակ:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանն ազդարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։
«Դիմադրություն» շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը հունիսի 14-ին հայտարարեց, որ վրանային ավանը լիարժեք կատարել է իր գործը, և հունիսի 15-ին վրանները հավաքելու են: Դա, սակայն, ընդդիմադիրի խոսքով, ամենևին էլ պայքարի ավարտ չի նշանակում. գնալու են մինչև վերջ: