ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի - Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը Վաշինգտոնում Ազգային դեմոկրատական ինստիտուտի (NDI) ներկայացուցիչներին և Դեմոկրատիայի ազգային հիմնադրամի (NED) նախագահ Դեմիոն Ուիլսոնին ներկայացրել է մարդու իրավունքների վիճակը Հայաստանում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը Վաշինգտոնում հանդիպմանը
© Photo : Human Rights Defender's Office
Ներկայացվել են նաև այն հիմնական ուղղությունները, որոնցով պաշտպանի հաստատությունն աշխատում է։
Դեմիոն Ուիլսոնը հետաքրքրվել է ժողովրդավարական բարեփոխումների ընթացքի ու դրանց մարտահրավերների վերաբերյալ պաշտպանի կարծիքով։ Ուիլսոնը շեշտել է, որ տպավորված է ժողովրդավարական բարեփոխումների օրակարգն առաջ մղելու Հայաստանի հետևողականությամբ՝ չնայած, որ երկիրն անցել է պատերազմական ու այլ դժվարություններով։
«Զրուցակիցների հարցերին ի պատասխան Քրիստինե Գրիգորյանը մանրամասնել է հումանիտար հարցերով, կանանց տնտեսական ու քաղաքական հզորացման, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ու անկախ կյանքի ապահովման, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ապահովման ուղղություններով ՄԻՊ հաստատության կողմից կատարվող աշխատանքները։ Կողմերը հետաքրքրվել են նշված ուղղություններով առկա հիմնական մարտահրավերներից, հաստատության ռեսուրսների առկայությունից»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Քրիստինե Գրիգորյանը գոհունակությամբ նշել է խնդրահարույց ուղղություններով քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ներառյալ՝ պատասխանատու մեդիայի գործընկերների հետ համագործակցության որակի մասին։
Կողմերը նախանշել են կոնկրետ խնդիրներ, որոնց ուղղությամբ ամերիկյան գործընկերներն իրենց աջակցության պատրաստակամությունն են հայտնել։ Դա վերաբերում է թե՛ ընթացիկ, և թե՛ նոր մեկնարկող ծրագրերին։