ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեծանվային զբոսանքի ժամանակ ընկել է Դելավեր նահանգում գտնվող Ռեհոբոթ-Բիչի իր տան մոտ, որտեղ կնոջ` Ջիլի հետ նախատեսել են նշել իրենց ամուսնության 45-ամյակը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Միջադեպը տեղի է ունեցել այսօր` տեղական ժամանակով ժամը 9-ի սահմաններում։
«Ինձ հետ ամեն ինչ կարգին է»,- վստահեցրել է Բայդենը ներկա լրագրողներին։
Մամուլի ներկայացուցիչները հասցրել են տեսանկարահանել տհաճ դրվագը, համացանցում էլ հայտնվել են ԱՄՆ առաջնորդի լուսանկարները` գետնի վրա։ Երևում է, որ նրա ոտքը մնացել է հեծանվի շրջանակում։
ԱՄՆ նախագահը պարզաբանում է, որ չէր կարողանում հանել ոտքն արգելակից, ինչն էլ ընկնելու պատճառ է դարձել։
Նշվում է, որ ընկնելուց 10-15 րոպե անց Բայդենը կրկին նստել է հեծանիվն ու գնացել։