Հայաստանը կարող է ինչ-որ ինդեքսով խաղաղասեր երկիր համարվել, քանի որ մինչ Հայաստանի տարածքները գրավում են, զինվորներին սպանում են, նա շարունակում է խաղաղությունից խոսել։ Sputnik Արմենիայի եթերում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով Խաղաղության համաշխարհային ինդեքսի տվյալներին։
«Հայաստանը ԶՈւ ԳՇ պետ չունի, բանակային ռեֆորմները չեն արվում, բանակի թվակազմը գնալով փոքրանում է, ռազմական բյուջեն համեմատելի չէ հարևան երկրների հետ։ Գուցե այս չափորոշիչները հաշվի առնելով են համարում, որ Հայաստանը խաղաղասեր երկիր է»,- բացատրեց Դանիելյանը։
Խաղաղության համաշխարհային ինդեքսում Հայաստանն ամենախաղաղասեր երկրների ցանկում առաջ է հարևաններ Ադրբեջանից, Թուրքիայից, Վրաստանից ու զբաղեցնում է 83-րդ հորիզոնականը։ Դանիելյանը թեև ենթադրեց, թե ինչ պատճառներով կարող է Հայաստանն առաջ անցած լինել հարևան երկրներից, միևնույն է, կարևոր է համարում հասկանալը, թե այդ ինդեքսն ինչ չափանիշներով է ձևավորվում։
Քաղաքագետի առաջին տպավորությամբ` Հայաստանի ամենախաղաղասեր լինելը կարող է կապ ունենալ նաև Արցախյան 44-օրյա պատերազմում կրած պարտության հետ, որովհետև դրանից հետո հարևան երկրների, առավել ևս՝ Թուրքիայի ու Վրաստանի համեմատ, Հայաստանը ռազմական տեսանկյունից գրեթե ոչինչ չի անում։
«Մեր տարածաշրջանում ռազմական գործոնը գնալով մեծանում է, մեր հարևանները շարունակում են զինվել։ Այս իմաստով Հայաստանը ոչ մի քայլ չի անում, և այդ դեպքում կարող է համարվել խաղաղասեր երկիր, թեպետ նման պայմաններում չգիտենք՝ դա լա՞վ է, թե վատ»,- ասաց քաղաքագետը։
Ադրբեջանը պատերազմից հետո շարունակում է մեծացվել ռազմական բյուջեն, նաև տարբեր բարեփոխումներ են իրականացվում, իրենց պնդմամբ՝ թուրքական բանակին նմանեցնելու համար։ Նույն կերպ իրենց բանակը շարունակում են պահել նաև Թուրքիան ու Իրանը։
Բացի այս գործոնից, Դանիելյանը նշեց նաև, որ եթե ինդեքսը կազմողները մշտադիտարկման ենթարկեն Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները, այդ դեպքում ևս կարող են Հայաստանին որպես ամենախաղաղասեր ներկայացնել։
«Պաշտոնյաները ձգտում են խաղաղության, երկխոսության, բայց Ադրբեջանը պատրաստ չէ այդ խաղաղությանը։ Հայաստանը նույնիսկ ասում է, որ եթե Ադրբեջանը պատրաստ չէ, միևնույն է` Հայաստանը դա ջարդելու է ու գնալու է խաղաղության»,- մեջբերեց Դանիելյանը:
Եվ, սրան զուգահեռ, համեմատության մեջ Ադրբեջանի հայտարարությունները ագրեսիվ են, թեև խոսում են խաղաղության պայմանագրի մասին։ Օրինակ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասում է, որ հույս ունի առաջիկա տարում պայմանագիրը ստորագրել, սակայն հաջորդ րոպեին պնդում է, որ կարող է Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարցականի տակ դնել։
Դանիելյանն ընդգծում է, որ Ադրբեջանն անընդհատ սպառնալիքներով է հանդես գալիս, ասում է, որ իր պայմանները հայերը պիտի ընդունեն, այլապես սպառնում է տարածքներ խլել։
Այսինքն` Ադրբեջանի խաղաղության ձգտումներն իրականում սպառնալիքներ ու շանտաժ են, շատ դեպքերում իրենք նաև առիթն օգտագործում են ու իրենց սպառնալիքներն իրականություն դարձնում։ Այս առումով, իհարկե, Հայաստանը, քաղաքագետի կարծիքով, կարելի է համարել տարածաշրջանի ամենախաղաղասեր երկիրը։
Քաղաքագետը նաև սարկազմին հատուկ տոնայնությամբ նշում է՝ երբ Հայաստանի տարածքները գրավում են ու զինվորներին սպանում, իսկ նա շարունակում է խաղաղությունից խոսել, այդ ինդեքսով մենք երևի պետք է աշխարհի ամենաբարձր կետը զբաղեցնենք։
«Գուցե գործող վարչապետն էլ խաղաղության Նոբելյան մրցանակ ստանա և գնա որևէ եվրոպական քաղաքում որպես վտարանդի կառավարություն գործի ու ներկայանա որպես Հայաստանի վտարանդի իշխանություն, որովհետև Հայաստանը, կարող է, օկուպացված լինի այդ ընթացքում»,- ասաց Դանիելյանը։
Նշենք, որ Խաղաղության համաշխարհային ինդեքսը չափում է խաղաղության վիճակը երեք ուղղություններով՝ հասարակական անվտանգության և պաշտպանվածության մակարդակ, ներքին և միջազգային շարունակվող կոնֆլիկտների աստիճան, ռազմականացվածության աստիճան:
Այս տարվա տվյալներով, Ադրբեջանը 128-րդ հորիզոնականում է, Թուրքիան՝ 145-րդ: Վրաստանը ցանկում 95-րդն է, իսկ Իրանը՝ 141-րդը: Նախորդ տարվա ինդեքսում Հայաստանը և Վրաստանը հավասար միավորներով եղել են 86-րդը, Ադրբեջանը՝ 120-րդը, Թուրքիան՝ 150-րդը։