ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը վստահություն է հայտնել, որ ՌԴ տնտեսությունը կդիմանա այն ամենին, ինչ տեղի է ունենում հիմա։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Հայաստանի նախագահի կարծիքով` նոր պայմաններում պետք է մտածել զարգանալու մասին, այդ թվում ՝ պատժամիջոցների պայմաններում:
«Նոր պայմանները նաև նոր հնարավորություններ են ընձեռում։ Ես համաձայն եմ այն եզրակացությունների հետ, որոնք արել է Կենտրոնական բանկի (ՌԴ) ղեկավարը... Պետք է ընտելանալ դրան և տնտեսությունը պատրաստել այլ փորձությունների։ Ես վստահ եմ, որ Ռուսաստանի տնտեսությունը կդիմանա՝ ելնելով առկա ռեսուրսներից ու հնարավորություններից՝ հաշվի առնելով անցած երկու ամիսները», - ասել է Խաչատուրյանը։
Նրա խոսքով՝ նույնիսկ ռուսաստանցի մասնագետների, տնտեսագետների, ֆինանսիստների հոռետեսական կանխատեսումները չիրականացան։
«Հետաքրքիր է նաև, թե ԿԲ-ն, տնտեսական կառույցները, ֆինանսների նախարարությունն ինչ մեթոդներ են օգտագործել գնաճը կանգնեցնելու, ռուբլին վերականգնելու համար», - ասել է Խաչատուրյանը՝ հավելելով, որ նույնիսկ ԱՄՀ-ի կանխատեսումները դրական ուղղությամբ են փոխվում։
Նշենք, որ սա Պուտինի և Հայաստանի նախագահի առաջին հանդիպումն է։