ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն այսօր հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի գլխավորած պատվիրակության հետ և հույս հայտնել, որ ԵԽ–ն առավել հաստատակամ կգտնվի գերիների հայրենադարձման հարցում: Տեղեկությունը հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
«Ռուբեն Ռուբինյանը բարձրաձայնել է Ադրբեջանի իշխանությունների հայատյաց ու ռազմատենչ հռետորաբանության մասին։ Նա նշել է, որ շարունակվում են Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սադրիչ հայտարարությունները»,–ասված է հաղորդագրության մեջ։
Ռուբինյանն ընդգծել է, որ վտանգված է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային եւ հոգևոր ժառանգությունը:
Կողմերը կարևորել են Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022 թթ. գործողությունների ծրագրի լիարժեք իրականացումը, որն ընդգրկում է ցանկացած ժողովրդավարության համար կենսական նշանակություն ունեցող հարցերի լայն շրջանակ։
Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի գլխավորած պատվիրակության հետ
© Photo : official site of the Parliament of RA
Հիշեցնենք` մարտի 21-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ադրբեջանական գերության մեջ է 38, այդ թվում՝ քաղաքացիական 3 անձ:
ՄԻԵԴ-ում գերիների հարցով ՀՀ ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի կարծիքով, սակայն, գերիների իրական թիվը 119 է։