ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պահպանել են միայն տեխնիկական շփումները։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Sky News Arabia» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Եթե խոսենք իրական հարաբերությունների մասին, ապա պաշտոնական շփումներից ընդհանուր առմամբ մնացել են միայն դեսպանությունների մակարդակով տեխնիկական շփումները»,- ասել է նա:
Զախարովայի խոսքով՝ տարիներ շարունակ հետևողականորեն քանդել, պատռել են երկկողմ հարաբերությունների գործվածքը։
Նա հիշեցրել է նաև, որ 2016 թվականին ԱՄՆ-ն բռնագրավել էր ռուսական դիվանագիտական սեփականությունը, որը դիվանագիտական անձեռնմխելիություն ուներ:
«Դա սեփականություն էր, որի համար իրական գումարներ էին վճարվել, դրանք բոլորովին էլ վարկեր չէին, ոչ էլ վիրտուալ փոխանցումներ, իրական գումարներ էին, որոնք վճարվել էին դեռ 20-րդ դարում»,- նշել է դիվանագետը:
Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանը, ի տարբերություն արևմտյան գործընկերների, հարաբերություններում իրավիճակը երբեք կրիտիկական կետի չի հասցրել: Մոսկվան միշտ մինչև վերջ հանդես է գալիս բոլոր բարդ իրավիճակների դիվանագիտական հանգուցալուծման օգտին։
Սանկտ Պետերբուրգում հունիսի 15-18-ը ընթանում է Պետերբուրգի XXV հոբելյանական միջազգային տնտեսական համաժողովը: