Քաղաքաշինության կոմիտեն առաջարկում է տուգանել համատիրության կարգազանց ղեկավարներին

2021 թվականի տարեվերջի արդյունքների ամփոփումը ցույց է տվել, որ հանրապետության բազմաբնակարան շենքերի շուրջ 22%–ը բանկային հաշիվներ չեն բացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի - Sputnik. «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքով սահմանված պարտադիր և այլ վճարներն անկանխիկ եղանակով կատարելու նպատակով բանկային հաշիվ չբացած համատիրությունները կտուգանվեն։ Նման առաջարկով է հանդես եկել ՀՀ քաղաքաշինության կոմիտեն` ներկայացնելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում համապատասխան փոփոխությունների նախագիծ։
Երևանի չասֆալտապատումը, կանգնած ավտոբուսներն ու չաշխատող համատիրությունները
Դրանով առաջարկվում է համատիրության կարգազանց ղեկավարներին տուգանել 10 000 դրամով, իսկ մեկ ամսվա ընթացքում բացթողումը չվերացնելու դեպքում` կրկնակի ավելի չափով։ Ընդ որում` յուրաքանչյուր հաջորդ անգամ գումարը կրկնակի կավելանա։
Բանն այն է, որ 2020 թվականին ընդունված «Բազմաբնակարան շենքի կառավարման» և Համատիրության մասին» օրենքներում կատարված փոփոխություններով սահմանվել է, որ համատիրության վճարները պետք է կատարվեն անկանխիկ եղանակով՝ յուրաքանչյուր բազմաբնակարան շենքի համար առանձին այդ շենքի կառավարման մարմնի անվամբ բացված հաշվեհամարին։
Նոր օրենքներն ուժի մեջ են մտել 2020 թվականի դեկտեմբերի 19-ին։ Համատիրություններին 1 ամիս ժամանակ էր տրվել իրազեկման համար, իսկ 2021 թվականի հունվարի 20-ից կանխիկ վճարումներն արգելվել էին։
Երևանցիները կկարողանան վերահսկել` ուր են գնում համատիրությանը վճարած իրենց գումարները
2021 թվականի տարեվերջի արդյունքների ամփոփումը ցույց է տվել, որ հանրապետության բազմաբնակարան շենքերի շուրջ 22%–ը (19183 շենքերից 4140-ը) բանկային հաշիվներ չեն բացել, իսկ 1316 շենքերի հաշիվները բացված են ոչ թե առանձին շենքերի, այլ համատիրության կազմում գտնվող բազմաբնակարան շենքերի համար մեկ միասնական հաշվով (1316 բազմաբնակարան շենքի համար` 8 հաշիվ), ինչը ևս օրենքի խախտում է։
Քաղաքաշինության կոմիտեի օրենսդրական առաջարկն այսօր կառավարության նիստում արժանացավ գործադիրի հավանությանն ու առաջիկայում կներկայացվի խորհրդարանի հաստատմանը։