Պուտինն իր ելույթը հետաձգել է ՊՄՏՀ-ի վրա իրականացված DDoS հարձակման պատճառով. Պեսկով

Դմիտրի Պեսկովը. Արխիվային լուսանկար
Դմիտրի Պեսկովի խոսքով` Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի համակարգերի վրա զանգվածային հաքերային հարձակումները դեռ երեկ են սկսվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի վրա իրականացված DDoS հարձակումների հետ կապված որոշել է մեկ ժամով հետաձգել իր ելույթը, այն Երևանի ժամանակով կսկսվի ժամը 16.00-ին։ Այդ ընթացքում նիստին բեյջերով անցնելու հետ կապված բոլոր խնդիրները կվերացվեն։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով` Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի, այդ թվում՝ հավատարմագրման հետ կապված համակարգերի վրա զանգվածային հաքերային հարձակումները դեռ երեկ են սկսվել։

«Երեկվանից մեզ մոտ DDoS հարձակումներ են սկսվել Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ինտերնետ ցանցի և հավատարմագրման համակարգի վրա։ Ե՛վ երեկ, և՛ գիշերը պահում էինք, բայց այսօր, ցավոք, ուժեղացված DDoS հարձակումների պատճառով շարքից դուրս է եկել մասնակիցների բազան, այդ պատճառով խնդիրներ են առաջացել բեյջերի ստացման հետ կապված։ Մասնագետներն աշխատում են խնդիրը վերացնելու ուղղությամբ, այն լուծելի է, ամեն ինչ կկարգավորենք, բայց դրա համար ժամանակ է հարկավոր»,- ասել է Պեսկովը լրագրողներին։
Պետերբուրգի XXV հոբելյանական միջազգային տնտեսական համաժողովն անցկացվում է Սանկտ Պետերբուրգում հունիսի 15-18–ը։