Պատժամիջոցները երկսայր զենք են․Պուտինը՝ ԵՄ-ի գլոբալ մրցունակությունը կորցնելու մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՊՄՏՀ լիագումար նիստում
Չմտածված էներգետիկ քաղաքականությունը և մի շարք այլ վրիպումներ հանգեցրել են Եվրոպայում գների համատարած աճին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Ռուսաստանի դեմ կիրառած պատժամիջոցների պատճառով Եվրամիությունը կորցնում է գլոբալ մրցունակությունն ապագա տարիների համար: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՝ ելույթ ունենալով ՊՄՏՀ լիագումար նիստում:
Նրա խոսքով՝ պատժամիջոցները երկարաժամկետ լուրջ հետևանքներ ունեն նաև եվրոպական ընկերությունների ծախսերի համար։
«Նրանք կորցրել են ռուսական շուկան։ Արդյունքն այստեղ ակնհայտ է՝ գլոբալ մրցունակության կորուստ և եվրոպական տնտեսության աճի համակարգային նվազում։ Ընդ որում՝ ապագա տարիների համար»,-ասել է Պուտինը։
Միևնույն ժամանակ, նա վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի դեմ տնտեսական բլիցկրիգն ի սկզբանե հաջողության շանս չուներ, քանի որ գործնական փորձը, հատկապես վերջին տարիներին, հիանալի ցույց է տալիս, որ «պատժամիջոցային քաղաքականությունը երկսայր է»,- ընդգծել է ՌԴ նախագահը։
Շարունակելով հակառուսական պատժամիջոցների թեման՝ Պուտինը նշել է, որ դրանք կառուցված են այն կեղծ թեզի վրա, թե ռուսական տնտեսությունն ինքնիշխան չէ, «ծայրահեղ խոցելի է»:
Պետության ղեկավարի խոսքով՝ Արևմուտքը հավատացել է այն առասպելին, թե համաշխարհային տնտեսության և առևտրի մեջ Ռուսաստանի դիրքերը թույլ են:
Ինչ վերաբերում է Եվրոպայում գների համատարած աճին, ապա այստեղ, Պուտինի գնահատմամբ, իր «ներդրումն» է ունեցել ձախողված էներգետիկ քաղաքականությունը, «կուրորեն հույսը վերականգնվող աղբյուրների և բնական գազի սփոթային մատակարարումների վրա դնելը»։ Այս ամենը, ՌԴ նախագահի կարծիքով, հանգեցրել է էներգիայի արժեքի կտրուկ աճին, որը նկատվում է երրորդ եռամսյակից։
ՌԴ նախագահն անդրադարձել է նաև Արևմուտքում, այսպես կոչված՝ «պուտինյան գնաճին», որի մասին նա հաճախ է լսում։

«Կներե՛ք, ես չեմ սիրում ինքս ինձ հիշատակել, բայց մենք շարունակ լսում ենք Արևմուտքում «պուտինյան գնաճի» մասին, դա ո՞ւմ համար է նախատեսված։ Նրանց, ովքեր կարդալ ու գրել չգիտեն»,- նշել է նախագահը։

Ընդ որում, նա հավելել է, որ Եվրամիության շատ երկրներում և ԱՄՆ-ում գնաճը իսկապես հասել է բազմաթիվ տարիների առավելագույն կետին։ Ռուսաստանում գների աճի ընթացիկ ցուցանիշները նույնպես չափազանց բարձր են։
Սանկտ Պետերբուրգում հունիսի 15-18-ը ընթանում է Պետերբուրգի XXV հոբելյանական միջազգային տնտեսական համաժողովը:
«Իրեն Աստծո առաքյալ է հայտարարել». Պուտինը` Արևմուտքի մասին