ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի - Sputnik. Հայազգի Նոբելյան մրցանակակիր Արտեմ Պատապուտյանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու առողջապահության նախարարության` քաղցկեղի դեմ պայքարի ծրագրերին։
Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Առավոտյան հանդիպեցի հայազգի անվանի գիտնական, Նոբելյան մրցանակակիր Արտեմ Պատապուտյանին։ Կարևորելով ոլորտում իրականացվող բարեփոխումները, մասնավորապես` քաղցկեղի հաղթահարման ծրագրերը, նա նկատել է, որ այժմ համակարգը բաց է առավել, քան երբևէ»,- գրել է Ավանեսյանը:
Նախարարը գիտնականի հետ զրուցել է առողջապահության համակարգի ներկայիս վիճակի, ձեռքբերումների և նոր շրջափուլ մտած համակարգային բարեփոխումների մասին։ Նրա խոսքով` Պատապուտյանը հետաքրքրվել է պատերազմի, համավարակի հաղթահարման և դրա հետևանքների վերացման աշխատանքներով, կատարել ոլորտի վերաբերյալ արժեքավոր դիտարկումներ:
Հիշեցնենք` Պատապուտյանը Հայաստան է ժամանել «Գիտության և գործարարության օրեր-2022» միջոցառման շրջանակում:
Երևանում գտնվելու ընթացքում գիտնականին շնորհվել են Երևանի պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտորի, ԵՊՀ պատվավոր պրոֆեսորի կոչումներ, ընտրվել է ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ, ինչպես նաև մարվել ու շրջանառության մեջ է դրվել «Աշխարհի հայեր. Արտեմ Պատապուտյան» թեմայով նամականիշը։ Նա իր Նոբելյան մրցանակը նվիրել է Հայաստանի պատմության թանգարանին։
Հունիսի 16-ից նրան նաև ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և պարգևատրել Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով։