Խրամորթի հայերը վերադարձել են տուն՝ անտեսելով ադրբեջանցիների կրակոցները

Ինչպե՞ս թշնամին հայտնվեց Խրամորթի գլխին, և արդյո՞ք Քարագլուխի գագաթին կանգնած ադրբեջանցիները հիմա չեն վտանգում այստեղ ապրողների կյանքը։
Sputnik
Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ ու Փառուխ գյուղերի վրա ադրբեջանական զորքի հարձակումից անցել է գրեթե 3 ամիս։ Փառուխն այսօր անհասանելի է, այնտեղ փաստացի ռազմականացված գոտի է, մինչդեռ Խրամորթում կյանքը աստիճանաբար վերադառնում է բնականոն հուն։ Ինչպե՞ս են այսօր ապրում Խրամորթի բնակիչները, երբ ընդամենը մի քանի հարյուր մետր այն կողմում նստած են ադրբեջանցիները և մշտական սպառնալիք են տեղի բնակիչների համար։ Որտե՞ղ են կանգնած թշնամու, և որտեղ՝ հայկական զորքերը, ինչպե՞ս են կարողանում ռուսական խաղաղապահները ապահովել Խրամորթի բնակիչների անվտանգությունը։ Այս հարցերի պատասխանները հնարավոր կլիներ ստանալ միայն Խրամորթ անձամբ այցելելու և տեղացիների հետ զրուցելու դեպքում։
Գնացինք Խրամորթ։
Խրամորթը հին պատմություն ունի։ Եղել է Մեծ Հայքի Արցախ նահանգի Խաչեն գավառի կազմում։ Լինելով դաշտային Արցախից դեպի Լեռնաստանի խորքերը տանող հանգուցային կետում, 7-րդ դարից սկսած, Խրամորթը պարբերաբար ենթարկվել է արաբների, սելջյուկ-թուրքերի, մոնղոլ-թաթարների, թուրքմենական ցեղախմբերի, պարսիկների, ադրբեջանցիների հարձակումների։ Խրամորթի բնակիչները, որպես ապահով վայր, մշտապես պաշտպանվել են Քարագլուխ գյուղի Շիկաքար անառիկ ամրոցում։ Քարագլուխ բարձունքը բոլոր ժամանակներում եղել է թշնամիների աքիլեսյան գարշապարը։ Գրավում էին ամեն ինչ, բայց Քարագլուխի մոտ ջարդվում ու ստիպված լինում նահանջել։
Խրամորթի հետ կապված ճակատագրական դրվագներ կան նաև 1990-ականների պատերազմի ժամանակներից։ Այս գյուղում 1989-ին կազմավորվել է ինքնապաշտպանական, կամավորական ջոկատ, որը 1992-ին մասնակցել է Ասկերանի, Մարտակերտի, Քարվաճառի և Արցախի այլ բնակավայրերի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ 1992 թվականի հունվարի 31-ին մոտ 6000 ադրբեջանցիներ տանկերով հարձակվում են Խրամորթի, հարևան Նախիջևանիկ գյուղի ու Ասկերանի վրա։ Խրամորթ է մտնում ադրբեջանական 8 տանկ, 7 զրահամեքենա և ադրբեջանական բանակի մի քանի հարյուր զինվոր։ Մոտ մեկ տարի գրավված պահելով Խրամորթը՝ թշնամին գրեթե հիմնահատակ ավերում ու թալանում է այն, իսկ 1993-ին, երբ հայկական զորքը ազատագրական մարտեր էր մղում, ադրբեջանցիները այրում են Խրամորթի տներն ու հեռանում։
Այդ օրերի իրադարձությունների ականատես, Խրամորթի 87-ամյա բնակիչ Ռոմա Առաքելյանը պատմում է, որ իր տունը ևս այրել են, ոչնչացրել ամեն ինչ, հետո ինքը նորից զրոյից տուն է կառուցել։
Ռոմայի կինը՝ Լաուրան, հիշում է, որ մի քանի տարեցներ 1992-ին չեն կարողացել փախչել, և նրանց ադրբեջանցիները դաժանաբար սպանել են։
2022-ի մարտի 24-ին Արցախի իշխանություններն ահազանգեցին, թե ադրբեջանական զինված ուժերը անցել են շփման գիծը և մտել Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ, գրավել են այն ու շարժվում են առաջ։ Փառուխից տարհանված բնակիչները նախ հասել էին հարևան Խրամորթ, որը ևս օրեր անց ընկավ թշնամու կրակոցների տակ։ Ադրբեջանական զինված խմբերին հաջողվել էր գրավել Խրամորթի ու Փառուխի հարակից Քարագլուխ բարձունքի մի մասը, որը ռազմավարական նշանակություն ունի ինչպես այս գյուղերի, այնպես էլ ամբողջ շրջանի անվտանգության համար։
Շաբաթներ շարունակ Փառուխի ու Խրամորթի մասին հնչեցին հայտարարություններ, պահանջ և աջակցության խոսքեր, որոնք մարեցին այլ սենսացիոն լուրերի ֆոնին։ Տեղացիներից հարցնում եմ այսօրվա վիճակի մասին։ Ինչպե՞ս թշնամին հայտնվեց Խրամորթի գլխին, և արդյո՞ք Քարագլուխի գագաթին կանգնած ադրբեջանցիները հիմա չեն վտանգում այստեղ ապրողների կյանքը։
Ռոմա Առաքելյանը պատմում է, որ մի քանի օր առաջ ադրբեջանցիները կրկին մտել են Փառուխի հանդերը և այնտեղից գողացել 100-ից ավելի ընտանի կենդանիներ։ Բնակիչներից մեկն էլ ասում է՝ Քարագլուխի բարձունքից հիմա էլ պարբերաբար սադրանքի են դիմում։ Քարագլուխի գագաթներից մեկին կանգնած են հայերը, մյուսին՝ ադրբեջանցիները։ Թշնամու զինվորները հաճախ են բարձր երաժշտություն միացնում կամ մուղամ կարդում, հայհոյում հայերին ու անարգում քրիստոնեական կրոնը։ Ռուս խաղաղապահները գրեթե ամեն օր այստեղ գալիս են, խոսում տեղացիների հետ, լսում պատմածներն ու զեկուցում իրենց հրամանատարներին։ Երաշխավորում են, որ թշնամին չի մտնի գյուղ՝ միաժամանակ կոչ անելով ամեն դեպքում զգույշ լինել։
Խրամորթում գրանցված ապրում է 400 մարդ, 2022-ի մարտին ադրբեջանական սադրանքի հետևանքով գյուղը դատարկվել է, հետո մի քանի ընտանիքներ վերադարձել են։ Հիմա Խրամորթը կրկին վերադարձել է կյանքի բնականոն հուն, սակայն թշնամու ուղիղ նշանառության տակ։ Տեղացիները վստահեցնում են՝ իրենք կռվից չեն վախենում։ Իրենց ցավեցնում է այն, որ Հայաստանում ճիշտ չեն պատկերացնում, թե ինչ է Արցախը և ինչ նշանակություն ունի ինչպես մեզ, այնպես էլ թշնամու համար։
Խրամորթի ու հարակից տարածքների համար ավելի քան 1300 տարի պայքար են մղում բոլոր ժամանակների նվաճողները։ Բոլորն անցել-գնացել են, հայերը մնացել են այստեղ։