ՀՀ-ն չի մերժել եռակողմ հանդիպման առաջարկը. ԱԳՆ-ի արձագանքն Ալիևի հայտարարությանը

ՀՀ ԱԳՆ
ԱԳ նախարարի մամուլի խոսնակը շեշտել է, որ ՀՀ–ն մշտապես դրական է արտահայտվել նման հավանական հանդիպման մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի - Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե Հայաստանը հրաժարվել է Թբիլիսիում Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու առաջարկից:
Այս մասին «Արմենպրեսի» հարցմանն ի պատասխան հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
«Մենք ոչ միայն չենք մերժել, այլև մշտապես դրական ենք արտահայտվել նման հավանական հանդիպման մասին՝ միաժամանակ նշելով, որ պետք է աշխատանք տանել հանդիպման արդյունավետությունն ապահովելու ուղղությամբ»,– նշել է Հունանյանը։
Հիշեցնենք, որ նման հայտարարություն, թե ՀՀ–ն հրաժարվել է ԱԳ նախարարների մակարդակով եռակողմ հանդիպումից` Ալիևն արել է «Սպառնալիք գլոբալ աշխարհակարգին» թեմայով IX գլոբալ համաժողովի բացման արարողության ժամանակ։